Մամուլ

«Պապ, էլի մեզ պատեպատ տալով բերումա»․ 15-ամյա պատանին վթարից րոպեներ առաջ խոսել է հոր հետ

«Պապ, էլի մեզ պատեպատ տալով բերումա»․ 15-ամյա պատանին վթարից րոպեներ առաջ խոսել է հոր հետ

Hayeli.am-ը գրում է․ Արմավիրի մարզում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած սարսափելի ավտովթարը խլեց 4 մարդու կյանք։ Նրանցից երկուսը մայր ու որդի են՝ 47-ամյա Սաթենիկ Դավթյանն ու նրա 15-ամյա որդին՝ Հրաչյա Մնացականյանը։ Նրանք Քարակերտ գյուղից էին։

Ինչպես Անկախ-ին պատմեց բարեկամներից մեկը, վթարից կարճ ժամանակ առաջ Հրաչյայի հայրը զանգել է որդուն, հարցրել՝ որտեղ են հասել, երեխան ասել է, թե շուտով Հոկտեմբերյան կհասնեն ու հավելել է․

«Պապ, էլի մեզ պատեպատ տալով բերումա (ի նկատի է ունեցել վարորդին-խմբ)»։

Մինչ կբացահայտվեն ողբերգության հանգեցրած վթարի հանգամանքները, նշենք, որ ըստ համագյուղացիների՝ տվյալ վարորդից հաճախ են դժգոհություններ հնչել։ Ավելին, ասում են, որ երթուղին սպասարկող այլ վարորդներ նույնպես աչքի չեն ընկնում պատշաճ վարորդական վարքագծով։

Մեր զրուցակցի խոսքով՝ դեպքից երկու օր առաջ համագյուղացի կանանցից մեկը պատմել է, որ նույն վարորդի հետ Քարակերտ վերադառնալիս վերջինս այնպես է մեքենան արգելակել, որ ուղևորներն ուղղակի «թափվել» են իր վրա, ինչի հետևանքով նույնիսկ ոտքն է վնասվել։ «Ասացի՝ մի քիչ նորմալ քշիր, մի օր մեկի գլուխն ուտելու ես»,-պատմել է կինը։

satenik davtyan

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին բախվել էին Երեւան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսն ու «ZIL» մակնիշի բեռնատարը։ «GAZel»-ի վարորդը ձերբակալվել է։ Հարուցվել քրեական գործ :

Ավտովթարի հետևանքով զոհված Սաթենիկ Դավթյանն աշխատում էր Երևանում՝ «Մեր աշխարհը» մանկական կենտրոնում՝ որպես փոխտնօրեն։ Ասում են՝ հրաշալի կին էր, բոլորի կողմից սիրված, մեծ հարգանք վայելող։ Կատարյալ ծնող էր, ինչի վկայությունը երեք հրաշալի զավակներն էին։

Հրաչյան տան սպասված որդին էր, երկու դուստրերից հետո էր ծնվել։ Դուստրերն ամուսնացած են։

15-ամյա պատանին չարաբաստիկ օրը 3 ընկերների հետ Երևան էր գնացել իր համար սպորտային հագուստ գնելու։ Հայրը հորդորել էր այդ օրը չգնալ, սպասել, որ շաբաթ օրը միասին գնան։ Ասել էր՝ չէ, պապ, ուզում եմ ընկերներիս հետ այսօր գնալ։

Գնումները կատարել-վերջացրել էին, հետո պատահաբար հանդիպել էին համագյուղացիներից մեկին, որն առաջարկել էր իր մեքենայով նրանց գյուղ տանել։ Մերժել էին՝ ասելով, թե ուզում են «Տաշիր պիցցա» գնալ, մի քիչ ժամանակ անցկացնել և ավելի ուշ «GAZel»-ով վերադառնալ։

«Երեխեքը լավ ժամանակ են անցկացրել, դուրս գալուց հետո Հրաչն ասել է՝ ինչ լավ օր էր։ Հետո ընկերների, մոր հետ միասին նստել են «GAZel», որ տուն գնան,-պատմում է բարեկամուհին,-ճանապարհի ինչ-որ հատվածում դիմացից «Զիլ» է եկել, որը պիտի մտներ աջ։

Հավանաբար «GAZel»-ի վարորդը ուշ է նկատել և ճանապարհ չի տվել, ու «Զիլ»-ը հարվածել է։ Ինչպես հասկանում ենք, հարվածից տուժել են ձախ կողմի պատուհանի մոտ նստածները։

Սաթենիկի վնասվածքը գլխի հատվածում է եղել, տեղում մահացել է։ Իսկ երեխուն երբ տարել են Մեծամորի հիվանդանոց, դեռ պուլս եղել է, բայց փրկել չի հաջողվել»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով