ՄամուլՇոու-բիզնես

Չեք պատկերացնի՝ որքան են հայհոյել ինձ. եթե պարզվի Քոչարյանը հանցագործ է՝ հրապարակավ ներողություն կխնդրեմ. Սամվել Գրիգորյան

«Չեք պատկերացնի՝ որքան են հայհոյել ինձ. եթե պարզվի Քոչարյանը հանցագործ է՝ հրապարակավ ներողություն կխնդրեմ»։ Հայաստանի եւ Ռուսաստանի արվեստի եւ մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել կալանքից ազատել Արցախի Հանրապետության առաջին եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

«Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրն իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք: Բայց մենք քաղաքացի ենք, եւ մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը: Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սեւեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք»,-ասված է հայտարարության տեքստում:

Հայտարարության ներքո ստորագրած հայտնիներից ավելի քան մեկ տասնյակը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ մեզ, մյուս մասի հեռախոսահամարներն անհասանելի էին: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց կապ հաստատել հաղորդավար, երգիչ Սամվել Գրիգորյանի հետ:

Նրա խոսքով՝ հայտարարության ներքո ստորագրելուց հետո շատ «կեղտոտ մեկնաբանություններ» են հնչել իր հասցեին.

«Չեք պատկերացնի՝ որքան հայհոյանքներ եմ ստացել…Բայց չէ՞ որ յուրաքանչյուրը տեսակետ ունենալու եւ այդ տեսակետը հայտնելու իրավունք ունի: Հիմա մթնոլորտում չարությունն ավելի շատ է, քան պետք է լիներ…Ինչ վերաբերում է հենց Քոչարյանի գործին, ես չեմ հասկանում՝ ինչու են անընդհատ բռնում-բաց թողնում նրան, ինչու են այս գործն այդքան երկարացնում, ինչի՞ պետք է հանգեցնի դա: Եթե մեր վաղվա լուսավոր օրը կախված է այս դատավարությունից, ինչո՞ւ չի այն շատ արագ հանգուցալուծվում: Թող հաստատվի Քոչարյանի մեղքը, խոստանում եմ՝ հրապարակավ ներողություն կխնդրեմ բոլորից: Մենք հո մարդասպանությանը կողմնակից չե՞նք…Ես մտածում եմ իմ երկրի ապագայի մասին: Կոնկրետ ես չեմ պատրաստվում այս երկիրը լքել ու գնալ այլ երկրում ապրելու: Չեմ կարող նաեւ մատների արանքով նայել տեղի ունեցողին»:

Նրա համոզմամբ՝ մեր երկրում պետք է հաստատվի այն մտայնությունը, որ բոլորը «մերոնքական» են: Հաղորդավարը շեշտեց՝ չի կարելի մարդկանց ճամբարների բաժանել եւ չարացնել.

«Այդ ի՞նչ հայհոյանքներ են գրում, եւ հիմնականում՝ կանայք: Կարելի՞ է այդպես…Հայհոյողների մեծ մասն էլ ֆեյքեր են, որոնք չունեն ո՛չ անուն, ո՛չ ազգանուն…Որքա՞ն պետք է այս ամենը տեւի: Եթե ասում եմ, որ պետք է փոխել Քոչարյանի խափանման միջոցը, դա չի նշանակում, որ ես քոչարյանական եմ: Պարզ ասում եմ՝ նախորդ իշխանությունների օրոք Ազգային ժողովի 70 տոկոսը գազանանոց էր, աղբակույտ: Ես չեմ կարող, օրինակ, Շմայսին համակրել: Այնպես չէ, որ ես նախորդներին արդարացնում եմ, բացարձակ…

Ո՛չ նախորդ իշխանության կողմից եմ, ո՛չ էլ ներկայիս: Ես մեկն եմ, ով ուզում է, որ երկրի վիճակը լավանա: Ես Հայաստանի Հանրապետության կողմից եմ: Այն մարդկանց կողքին եմ, որոնք ուզում են ունենալ լավ երկիր: Ես իմ գործով եմ զբաղված եւ երբեք քիթս չեմ խոթել այնպիսի ոլորտ, որտեղ արհեստավարժ չեմ: Բայց այսօր կյանքը ստիպում է, որ քիթներս խոթենք քաղաքականության մեջ, որովհետեւ ուզում ենք, որ մեր երեխաների ապագան լավը լինի, որ եկող սերունդը լավ երկրում ապրի: Զզվել ենք խարդախություններից»:

Սամվել Գրիգորյանը հիշեցրեց, որ ինքը թավշյա հեղափոխության օրերին կանգնած է եղել հեղափոխության առաջնորդի կողքին.

«Այո, մենք ուզեցել ենք,որ մեր երկրի վիճակը լավանա: Բա ու՞ր է այդ լավը… Որքա՞ն կարելի է սպասել ու չտեսնել արդյունք: Հեղափոխությունը շատ է ուշանում: Երբ անցավ Փաշինյանի իշխանության 100 օրը, արդեն պետք է ուղենշված ծրագրեր լինեին. դրանք չտեսանք: Մենք էլ երբ խոսում ենք օրենքից, դառնում ենք «վատամարդ», ազգի թշնամի»:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով