Մամուլ

Նորշեն սահմանամերձ գյուղի միակ բնակչուհին արժանացավ շնորհակալագրի ու դրամական պարգևի

Նորշեն սահմանամերձ գյուղի միակ բնակչուհին արժանացավ շնորհակալագրի ու դրամական պարգևի։

Sputnik Արմենիան գրում է․ Գյուղի պահապան տատը պատմում է, որ ամենապաշտպանված մարդն է իրեն զգում՝ գյուղը ռուս ու հայ սահմանապահների հսկողության տակ է։

Հայրենի հողին անմնացորդ նվիրումի և երկարամյա անխոնջ աշխատանքի համար Շիրակի մարզի Նորշեն՝ նախկին Խարկով, գյուղի միակ բնակիչը՝ Վահանդուխտ Մխիթարի Մելքոնյանը, պարգևատրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագրով և դրամական պարգևով` 500 հազար դրամի չափով։

միակ բնակչուհի

83- ամյա տատին շնորհակալագիրն հանձեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր կայացած մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ։ Շնորհակալություն հայտնելով` Վահանդուխտ տատիկը խնդրեց բարեկարգել դեպի գյուղ տանող ճանապարհը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը։  Ի դեպ, տատիկը բավական երկար տարիներ Խարկով գյուղի միակ բնակչուհին է։ «Սկեսուրս է «օսյաթ» արել մնալ գյուղում »,- նշեց տատիկը։

Վահանդուխտ տատը գյուղ հարս է եկել ավելի քան 60 տարի առաջ Արմավիրի Սարդարապատ գյուղից և, սիրահարվելով գյուղին, մնացել է այնտեղ մինչ օրս։

Գյուղը միանգամից չի դատարկվել, այլ քայլ առա քայլ։ «Սկզբում էր դժվար, հիմա արդեն սովորական է դարձել։ Զբաղվում եմ մեղվապահությամբ ու հողագործությամբ, հյուրերի պակաս էլ չունեմ »,-պատմում է տատը՝ վստահեցնելով ՝ամենապաշտպանված մարդն է իրեն զգում՝ գյուղը ռուս ու հայ սահմանապահների հսկողության տակ է։

Կյանքը Թուրքիայի սահմանին

Նշենք, որ Նորշենը, շատ մոտ գտնվելով Անիին, հրաշալի դիտակետ է։ Սահմանային այս գյուղը մտնելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն սահմանապահ ջոկատից, որը ստանալը երկարատև գործընթաց է։ Լքված գյուղի միակ պահապանը Վահանդուխտ տատն է: Առանց պատարագի ու ժամերգության էլ Վահանդուխտ տատը  պահպանում է գյուղի միակ սրբավայրում ամեն կիրակի  մոմ վառելու ավանդույթը:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում