Մամուլ

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները պատրաստվում են գործադուլի

Armtimes-ը գրում է Ուսուցչական համայնքի ներկայացուցիչներն այսօր հերթական անգամ բարձրաձայնել են արդեն ավանդական դարձող իրենց պահանջների մասին:

Կրթության ոլորտի պատասխանատուներին նրանք հիշեցրել են, որ աշխատում են գերծանրաբեռնված եւ ցածր վարձատրությամբ: Անհրաժեշտություն են համարել ուսուցչի դրույքաչափի նվազեցումը, որը շաբաթական 22 դասաժամ է, դասարանների խտությունը փոքրացնելը, որովհետեւ այսօր դասարանները կիսելու իրավունք տրվում է միայն 35-ից ավելի աշակերտի առկայության դեպքում: Պահանջել են նաեւ աշխատավարձի բարձրացում՝ ընդգծելով, որ դա վերջին անգամ տեղի է ունեցել 2008 թվականին:0

«Ուսուցչի աշխատավարձը օպտիմալացումով բարձրացնել, ուսուցչին ծանրաբեռնել եւ որպես բեռնաձի օգտագործել, ուղղակի չի կարելի: Դրանով մենք կրթության որակ չենք կարող ապահովել: Ծանրաբեռնված ուսուցիչը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, ամենամեծ նվիրումի դեպքում անգամ կրթության որակ ապահովել ուղղակի չի կարող:

Ես չեմ ուզում կասկածել նրանց արդար ու բարի մղումներին, ուզում եմ հավատալ, որ մարդիկ եկել են եւ ուզում են ինչ-որ բան փոխել: Իսկապես ուզում եմ հավատալ, բայց մի բան ակնառու է՝ կրթության պատասխանատուները ուղղակիորեն չեն պատկերացնում հանրակրթության ոլորտը:

Ես առողջապահության ոլորտում բժշկի հետ խոսում եմ, ասում է՝ բարձրացել է աշխատավարձս, ես դա տեսնում եմ պաշտպանության ոլորտում, ես տեսնում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախ…, ես տեսնում եմ հեղափոխության շունչը այդտեղ: Ես դպրոցում խեղդվում եմ:

Կառավարությունը հայտարարում է՝ 220 հազար մարդու աշխատավարձ բարձրացվել է: Բայց այդ 220 հազար մարդու մեջ նրանք չկարողացան բարձրացնել ուսուցչի աշխատավարձը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի` Աշոտ Նավասարդյանի անվան N196 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Վարդանյանը:  

Ուսուցիչները նաեւ անդրադարձել են ներառական կրթությունը համընդհանուր դառնալու որոշմանը եւ մտահոգություն հայտնել, թե դասարանների այսպիսի խտության պայմաններում ինչպե՞ս են կարողանալու հատուկ ուշադրության կենտրոնում պահել զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաներին:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ուսուցիչները չեն բացառել, որ կարող են գործադուլ հայտարարել: Ինչպես մեզ հետ զրույցում մանրամասնեց ասուլիսի մասնակից «Խարիզմա» երիտասարդական ՀԿ նախագահ Արմինե Դավթյանը, ուսուցիչները մինչ այդ պատրաստվում են օրենքով սահմանված կարգով դիմել արհմիություն, գործադիր իշխանությանը, Մարդու իրավունքների պաշտպանին: Ուսուցիչները հույս են հայտնել, որ իրենց պահանջները կստանան դրական արձագանք եւ գործադուլի անհրաժեշտություն այլեւս չի լինի:

Արմինե Դավթյանը, մեկնաբանելով գործընթացին իր մասնակցությունը, ասաց, որ 7 տարի դասավանդել է դպրոցում, իսկ արդեն 10 տարի դասախոսում է. «Եվ մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ Գավառի պետական համալսարանը այս տարի չի ունեցել ոչ մի դիմորդ տարրական կրթության բաժնում: Սա լուրջ խնդիր է պետության ու մարզերի համար»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ասուլիսի բանախոսները բոլոր ուսուցիչների՞ անունից են խոսում, վստահություն կա՞, որ գործադուլ հայտարարելու դեպքում նրանց միացողներ են լինելու, Արմինե Դավթյանը պատասխանեց. «Կա «Հայ ուսուցիչների միություն» փակ խումբ՝ 7 000 անդամով: Այստեղ հարցումներ եմ անցկացրել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով