Շոու-բիզնես

«Որդիս մեր աղջկա հակապատկերն է». Աննա Թովմասյանը՝ նորածին որդու հետ առաջին հանդիպման ժամանակ Արամեի հուզմունքի և փոխված կյանքի մասին

«Որդիս մեր աղջկա հակապատկերն է»: Ամուսնությունից ի վեր երգիչ Արամեն առաջին անգամ Ամանորը դիմավորել է տանը՝ համալրված ընտանիքի հետ, քանի որ տարեվերջին՝ դեկտեմբերի 25-ին, լույս աշխարհ եկավ նրա և Աննա Թովմասյանի երկրորդ երեխան: Տղան շատ սպասված էր նրանց ընտանիքում:

Աննան Tert.am Life-ին պատմել է որդու ծննդից հետո իր զգացողությունների, ինչպես նաև ամուսնու և դստեր հետ փոքրիկի հանդիպման մասին:

«Մեր կյանքն ամբողջությամբ փոխվել է: Առօրյաս լիովին հագեցած է երեխաների խնամքով: Երեխաների սեռերի տարբերությամբ պայմանավորված փոփոխություններ դեռևս չեմ զգում: Գուցե պատճառն այն է, որ Մարատը դեռ շատ փոքր է: Առաջին հանդիպումս իր հետ շատ զգացմունքային էր, բայց այս անգամ ավելի հանգիստ ու փորձառու էի»,- ասաց մայրիկը:

Արամե ու Աննա

Անդրադառնալով Արամեի և որդու հանդիպմանը՝ Աննան նկատեց, որ այն շատ հուզիչ էր. «Ես իր մեջ հուզմունք տեսել եմ թե՛ Աննա Մարիայի, թե՛ Մարատի հետ հանդիպման ժամանակ: Աննա Մարիան մեր առաջին երեխան էր, մենք շատ էինք սպասում իրենք, երկրորդ դեպքում Արամեի վաղեմի երազանքն էր տղա ունենալ: Իսկապես շատ հուզիչ էր այդ պահը»:

Տան փոքրիկ անդամը՝ 2-ամյա Աննա Մարիան, թեև այլ երեխաների հետ շատ չի շփվում, եղբորը ընդունել է մեծ ոգևորությամբ ու հաճելիորեն զարմացրել ծնողներին:

«Մենք շատ զարմացած ենք, բայց նրա էմոցիաները բացարձակ նման չեն խանդի, միայն հոգատարության դրսևորում են: Ամբողջ օրն «ապեր, ապեր» ասելով ման է գալիս, եթե երեխան լացում է, աղմուկ է բարձրացնում, որ եղբորն ինչ-որ բան է անհանգստացնում: Իսկապես, շատ հոգատար է»,- ուրախությամբ ասաց մայրիկը:

Արամե աննա թովմասյան

Աննան դժվարանում է ասել, թե ում է ավելի նման որդին: Ավելի վաղ նա ասել էր, որ իրենց դուստրն Արամեի կրկնօրինակն է և հույս էր հայտնել, որ գոնե որդին իրեն նման կլինի: Ոգևորությամբ ասաց, որ որդին ժառանգել է իր շուրթերի ձևը:

«Ինձ շատ հետաքրքիր էր, թե նա ինչպիսի տեսք է ունենալու: Մեր աղջկա հակապատկերն է, թեև դեռ կփոխվի: Աննա Մարիան հիմա խուճուճ, շեկ մազեր ունի, բայց երբ ծնվեց սև մազերով ու սև աչքերով էր: Մարատը՝ ճիշտ հակառակը, բաց մազերով և բաց աչքերով է ծնվել: Մի քիչ մեծանա, նա էլ կփոխվի դեռ: Եթե բաց գույների մեջ մնա, ավելի շատ հայրիկիս նման կլինի, քանի որ հայրիկս է բաց աչքերով և մազերով, բայց դեռ վաղ է կանխատեսել»,- ասաց նա:

Արամեն ու Աննան դեռևս չեն հրապարակել իրենց դստեր լուսանկարները, որդու նկարները ևս դեռ չեն հրապարակելու: «Արամեն միշտ ասում է, որ չենք կարող միշտ հեռու պահել երեխաներին քննարկումներից, բայց հաշվի առնելով, թե մարդիկ ինչպես են քննարկում նույնիսկ երեխաներին, որքան կարող ենք, մեր երեխաներին զերծ կպահենք այդ ամենից»,- ասաց նա:

արամե աննա

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում