Ողբերգական դեպք․ Ջրասուզակը գետից դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որը երկու ընկերների հետ լողում էր գետում
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված գետում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Աշոտ Ա.-ն իր 2 ընկերների հետ լողալիս է եղել։
Ընկերները կարողացել են դուրս գալ, իսկ նա, ըստ նրանց հայտնածի, ջրահեղձ է եղել։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Հովսեփ Սիմոնյանն ու Սմբատ Ալավերդյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի 2 ջրասուզակներ՝ ջոկատի հրամանատար Վահան Միքայելյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրասուզակները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղայի մարմինը և դուրս բերել ափ։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են մահացածի և նրա հետ գետում լողացող ընկերների ամբողջական տվյալները։



