Հարբած տղամարդը մտել է մանկական ճամբար, ծեծել երեխաներին և վնասել գույքը
Հունիսի 21-ի գիշերը ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը ներխուժել է Տուվայի Չագիտայ լճի մոտ գտնվող «Օռլյոնոկ» մանկական ճամբարի տարածք և հարձակվել երեխաների վրա, հայտնում է ТАСС-ը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ նա մարմնական վնասվածքներ է հասցրել երկու անչափահասի, ինչպես նաև վնասել ճամբարի գույքն ու կահույքը։
Ճամբարի աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել նրան մինչև ոստիկանության ժամանումը, որից հետո նա հանձնվել է իրավապահներին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Դեպքից հետո ճամբար է ուղարկվել տարածաշրջանային կրթության նախարարության աշխատանքային խումբ։
Գերատեսչության տվյալներով՝ երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն «Սայզիրալ» կենտրոնի մասնագետների հետ համատեղ։
Նախարարության տեղեկացմամբ՝ երեխաների վիճակը կայուն է, և որևէ սան չի ցանկացել վաղաժամ լքել ճամբարը։
Բացի այդ, ճամբարի հիմնադրին՝ Տուվայի սպառողական կոոպերացիայի և ձեռնարկատիրության աշխատողների համառուսաստանյան արհմիության հանրապետական կազմակերպությանը, նկատողություն է հայտարարվել։
Իշխանությունները պահանջել են ապահովել երեխաների և աշխատակիցների անվտանգությունը։


