Մամուլ

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Opel Vectra-ն մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում․ վարորդը հիվանդանոցում մահացել է

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Opel Vectra-ն մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում․ վարորդը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 09։20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 123 կմ հատվածում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկ Տիրան Եղիազարյանը՝ քաղաքացիների օգնությամբ։

Վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Տեղում պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հեռաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։

Կիսվել էջում