Շղթայական ավտովթար Երևանում․ 3 անչափահաս վիրավոր կա
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են «Toyota bZ4X» մակնիշի և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Rox» մակնիշի, վերջինն էլ՝ «Geely» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Հարությունյանը և Արկադի Գրիգորյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։





