Մամուլ

Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին

Զինծառայողի մահվան ողբերգական դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դառնում։

Tribune.am-ի տեղեկություններով՝ դեպքին նախորդել է ծառայակիցների կողմից զինծառայողի նկատմամբ հնարավոր հոգեբանական ճնշման միջադեպ։

Ըստ աղբյուրի՝ զինծառայողի առաջ պայման են դրել և սպառնացել մոր հասցեին ուղղված ծանր հայհոյանքով, այսպես կոչված՝ «քֆուր» դնելով, որ եթե նա քնի, այդ սպառնալիքը կիրականացվի։

Ըստ նույն աղբյուրների փոխանցման՝ դրանից հետո զինծառայողը քնել է, ինչից հետո առաջացած ծանր հոգեբանական ապրումների և լարվածության ֆոնին ինքնասպանություն է գործել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Ղազարյանի դին՝ ճակատի շրջանում հրազենային վնասվածքով։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արմեն Ղազարյանը Արարատի մարզի Ռանչպար գյուղից էր և ընտանիքի միակ որդին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահներն իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կիսվեք ձեր էջում