Մամուլ

«Նոյեմբերի 6-ն էր, ընկանք շրջափակման մեջ». Յուրի Սարկիսյան

«Նոյեմբերի 6-ն էր, ընկանք շրջափակման մեջ». Յուրի Սարկիսյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապագա բժիշկ Յուրի Սարկիսյանին ռազմաճակատ էր տարել հայրենիքի հանդեպ սերը։

Յուրի Սարկիսյանը սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկություն ֆակուլտետի 4-րդ կուրսում: Ապագա բժիշկը մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին:

«ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի գերազանց սովորողներից եմ եղել։ Սովորել եմ, թե ինչպես կարելի է ռազմադաշտային պայմաններում բուժօգնություն ցուցաբերել վիրավոր զինծառայողներին: 2017-2019 թվականներին ժամկետային զինծառայությունն անցկացրել եմ Արցախում՝ «Եղնիկներում»՝ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ:

Զորացրվել եմ 2019-ի հունվարին: 2020-ի հոկտեմբերի 31-ին օնլայն դասի էի, տարածքային զինկոմիսարիատից զանգահարեցին, կանչեցին, ասացին, որ պետք է մեկնեմ առաջնագիծ: Առանց երկմտելու մեկնեցի»,-պատմում է ապագա բժիշկը: Նախ մեկնել են Ստեփանակերտ, նրանց գումարտակն այնուհետև տեղափոխել են Շուշիի մատույցներ՝ Շոշ գյուղի մոտ:

շ«Իրավիճակը չափազանց լարված էր: Ինտենսիվ ծանր մարտեր էին ընթանում: Գիտակցում էինք, որ կյանքի ու մահվան սահմանագծին ենք: Թշնամին գործի էր դրել ծանր հրետանին ու ավիացիան:

Ականատես եմ եղել, թե ինչպես է ավիացիոն զինտեխնիկայից արձակված ռումբը ընկնում բնակելի տան վրա ու չի պայթում: Բազմիցս արկերը ընկել են մեզ շատ մոտ, հրաշքով փրկվել ենք: Ես նշանակվել էի ընդհանուր գումարտակի բուժակ: Մեր վաշտը Հադրութի քաղաքապետի կազմած 70 հոգանոց ջոկատի հետ պահում էր Շոշ գյուղի երկայնքով ամբողջ գիծը: Նոյեմբերի 6-ն էր, ընկանք շրջափակման մեջ, քանի որ հակառակորդի ուժերը գրոհել էին թիկունքից, այդ օրը վեց զոհ տվեցինք:

hay zinvorner geri

Կապ տվեցին մեզ՝ ասելով, որ վիրավորներ կան: Այդ օրը թշնամու ուժերը՝ հատուկ ջոկատայիններ, Յաշմա բրիգադի զինծառայողներ և սիրիացի վարձկաններ, մեզնից մի քանի մետր էին հեռու գտնվում: Մերձամարտի ենք բռնվել նրանց հետ, գրպաններս լի էր ավտոմատի փամփուշտներով, անհաշվելի է, թե որքան եմ կրակել:

Ակնհայտ էր, որ լավ կազմակերպված էին թշնամու ուժերը, զինված էին գիշերային տեսանելիության միջոցներով: Եղանակն այդ օրերին մառախլապատ էր: Մեր շտապօգնության մեքենայի վարորդը նոյեմբերի 6-ին վիրավորվեց: Կապ տվեցինք Հադրութի ջոկատին, որ թիկունքային պաշտպանություն ապահովեն: Վիրավորներին առաջնային օգնություն էի ցուցաբերել:

Շտապօգնության մեքենան հրետակոծության տակ էր, վիրավորներին գրկած էինք անվտանգ վայր տեղափոխում»,- նշում է Յուրի Սարկիսյանը: «Սպիտակ ջոկատի» մարտիկը պատմում է, որ վիրավորներին տարհանելիս հակառակորդի արձակած գնդակը դիպել է նաև իրեն:

«Այդ ժամանակ կրակի խտությունն այնքան մեծ էր, որ թշնամու գնդակները, դիպչելով ծառերին, հետ էին գալիս, խփում նաև տարածքում գտնվողներիս: Մեր սաղավարտների վրա ամբողջությամբ կրակի հետքեր էին: Գնդակներից մեկն էլ դիպավ ինձ ձորից վիրավորներին հանելիս»,- պատմում է ապագա բժիշկը:

Յուրի Սարկիսյանը վիրավորների բուժօգնությունը կազմակերպել է այնպես, որ առավելագույնը արդյունավետ լինի: «Փառք Աստծո, որ բոլոր վիրավորները փրկվեցին: Մարտական բոլոր դիրքերում լարաններ ու պատգարակներ էի բաժանել, որ մինչև մեր հասնելը, իրենք նվազագույնը անեին, քանի որ ամեն րոպեն կարող էր թանկ լինել: Վստահ եմ՝ դրա շնորհիվ նաև հաջողվեց փրկել բոլոր վիրավորների կյանքը»,- ասում է Յուրին:

Հիշում է ամենածանր վիրավորներից Անդրանիկ Սահակյանին, որ արտերկրից վերադարձել, կամավորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը: Երկու ձեռքն ու երկու ոտքը հրազենային վիրավորում էին ստացել, մեծ քանակի արյուն էր կորցրել:

Նրան ևս հաջողվեց փրկել: Ապագա բժիշկը նշում է, որ ռազմաճակատ է մեկնել՝ առանց իր մասին մտածելու: «Հայրս՝ Իվան Սարկիսյանը, որ մասնագիտությամբ մանկաբույժ է, Արցախյան ազատամարտի մասնակիցներից է: Որ ինձ զորակոչեցին, մեծ ոգևորությամբ, հաղթանակի հավատով էի գնում: Թող չափազանցություն չհնչի, բայց ես շատ եմ սիրում հայ ժողովրդին ու հանուն նրա, պատրաստ էի ու հիմա էլ պատրաստ եմ առաջին գծում կանգնելու: Կարճ ժամանակ ապրել եմ արտերկրում, հայրենիքն ամեն րոպե ձգում էր ինձ:

Ազգային ինքնագիտկցությունն իմ մեջ արմատացած է: Հետահայց նայելով՝ չեմ զղջում, որ մեկնել եմ ճակատ: Այնպիսի կայացած, գործարար մարդկանց նաև հանդիպեցի, որ տունն ու ընտանիքը թողած՝ եկել էին անտրտունջ պաշտպանելու հայրենիքը»,- զինակիցներին պատկառանքով է հիշում ապագա բժիշկը:

Նա անկեղծանում է, որ ավստրալո-ամերիկյան ռեժիսոր Մել Գիբսոնի «Խղճի թելադրանքով» հայտնի ֆիլմը դիտելուց հետո միշտ մտածել է՝ անհրաժեշտության դեպքում կզինվորագրվի հայրենիքի պաշտպանությանը՝ իրավիճակից կախված և կռվելու, և պայքարելու վիրավորների կյանքի համար: 44-օրյա պատերազմի օրերին եղել են պահեր, որ հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակներն անցել են Յուրիի գլխավերևով, միլիմետրերի տարբերությամբ հաջողվել է դրանցից խույս տալ:

«Երբ նայում էի կռվող տղաներին, մտածում էի Աստված մի արասցե, որ այլևս չտեսնեմ նրանց, այսինքն՝ կյանքի ու մահվան գիտակցումը միշտ կար, որն առաջացնում էր բարդ զգացողություններ, կսկիծ: Այնպիսի տղաներ գնացին՝ Մելքոնը, Արթուրը, Շահենը…բոլորը ազգի նվիրյալներ, մեկը մյուսից պայծառ տղաներ: Նրանք անշահախնդրորեն եկել, դիրք էին պահում»,- նշում է ապագա բժիշկը:

Կիսվել նյութով