ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում հանդիպել է տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող գործարարներին (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում հանդիպել է արտահանողների, տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի  տնտեսության արտահանման միտվածության ապահովումը: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան և լինեն մեր տնտեսության կարևոր բնորոշիչներից մեկը:

Մեր ծրագրային դրույթներից մեկը նաև մշակվող արդյունաբերությանն աջակցելն է: Իհարկե, այս թեմայի շուրջ շատ լուրջ աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, սակայն այս հարցն այնքան էլ պարզ չէ, որովհետև որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել, որ այդ աջակցությունն իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան և դառնան ավելի մրցունակ:

Պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում, որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` այդ է  պատճառը, որ  կառավարությունը նաև այս կարգի հանդիպումներ է կազմակերպում,  որպեսզի կարողանա ճիշտ ընկալել շահագրգիռ կողմերից եկող ազդակները և դրանց ճիշտ կառավարել ու արձագանքել:

Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այստեղ նույնպես կառավարությունը շատ լուրջ հետաքրքրություն ունի, որպեսզի այս ոլորտում ճիշտ բանաձևեր դրվեն:

Share