Շոու-բիզնես

«Մարդկանց աչքը որքան քիչ բան տեսնի, այնքան քո կյանքում ամեն ինչ լավ կլինի»․ Շուշան Երիցյանը՝ անձնականը փակ պահելու մասին. ֆոտո

«Մարդկանց աչքը որքան քիչ բան տեսնի, այնքան քո կյանքում ամեն ինչ լավ կլինի»: Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն օրերս նշել է 27-ամյակը։ Շուշանի խոսքով` վերջին տարվա ընթացքում փոխել է կյանքի հանդեպ հայացքները, ինչի արդյուքնում ունի մեծ ձեռքբերումներ։ Tert.am Life-ը Շուշանի հետ զրուցել է տարեդարձը նշելու, ձեռքբերումների և անձնական կյանքը փակ պահելու որոշման մասին։  

«Այս տարի տարեդարձս նշել եմ արտերկրում, նեղ միջավայրում, բայց չեմ ուզում բարձրաձայնել, թե կոնկրետ որտեղ: Անգամ լուսանկարներ ու հոլովակներ չեմ հրապարակել տարեդարձիցս։ Այս մեկ տարվա ընթացքում իմ կյանքը շատ փակ է դարձել, դա իմ որոշումն է, որին հանգել եմ կյանքի փորձի շնորհիվ։ Վերջին շրջանում կյանքս շատ-շատ է փոխվել։ Տարիների հետ աճում ես ու հասկանում, որ մարդկանց աչքը որքան քիչ բան տեսնի, այնքան քո կյանքում ամեն ինչ ավելի լավ կլինի։ Գրեթե, բոլոր առումներով ես իմ կյանքը փակ եմ պահում, բացառությամբ ստեղծագործական ու աշխատանքային ոլորտների»,- ասաց Շուշանը։

Շուշան Երիցյան

Նկատառմանը, որ, այնուամենայնիվ, ավելի վաղ իր հետևորդներին հայտնել էր նոր ավտոմեքենա նվեր ստանալու մասին, նա արձագանքեց․ «Կյանքից ինչ-որ լավ դրվագների մասին հրապարակումներ, երբեմն, անում եմ, զուտ ակտիվությունը պահելու համար, բայց ոչ մի ավելորդ բան։ Դա այնպիսի բան էր, որ հաջորդ օրը քաղաքում բոլորն իմանալու էին, ավտոմեքենա նվեր ստանալը փակ պահելու բան չէր»։

Հարցին, թե իր կարծիքով ինչ ձեռքբերումներ ունի, Շուշանն առաձնացրեց իր ներքին փոփոխությունը. «Կյանքն ինձ այս տարի տվել է այնպիսի բաներ, որոնց մասին անընդհատ երազել եմ։ Եթե անկեղծ, միշտ մտածում էի, թե ինչու Աստված ինձ չի տալիս այն, ինչն իսկապես ուզում եմ, ինչի կարիքն ունեմ, մտածում էի, որ ես ամեն կերպ փորձում եմ, ամեն ինչ անում եմ համապատասխանելու, դա ձեռք բերելու, դրան հասնելու համար։

Շուշան Երիցյան

Երկար ժամանակ տալիս էի ինձ այդ հարցը, բայց չէի ստանում այն, ինչն ուզում էի։ Հիմա հասկանում եմ, որ երբեմն ինչ-որ բանի մասին երազում ես, սակայն Աստված քեզ տալիս է ավելի լավ բան, որի մասին անգամ չէիր էլ կարող մտածել։ Սա ինձ համար կյանքի դասի նման մի բան էր, հասկացա, որ ամեն ինչ պետք է թողնես ինքնահոսի: Այդ դեպքում Աստված քեզ կտա այն, ինչի կարիքն ունես, որից ինքդ էլ շատ կզարմանաս»։

Խոսելով իր ամենամեծ նվաճման մասին՝ նա նշեց, որ կարողացել է հասնել մի բանի, ինչին վաղուց էր ձգտում․ «Մինչև 26 տարեկանս անընդհատ փորձում էի անցնել բուսակերության, ունեի շատ վատ սովորություններ, որոնցից ուզում էի ձերբազատվել, հետևել առողջ ապրելակերպի։ Այս ամենն անել ոչ մի կերպ չէի կարողանում, սակայն վերջին մի քանի ամսվա ընթացքում ես հաջողեցի՝ անցա բուսակերության, զբաղվեցի իմ ներաշխարհի փոփոխությամբ, աշխատեցի հոգեկան աշխարհիս վրա։ Սա համարում եմ կյանքիս ամենամեծ ձեռքբերումը»։

շուշան երիցյան

Իր տարիքի վերաբերյալ մոդելն ունի հստակ ձևակերպում․ «27-ը շատ հետաքրքիր տարիք է, քանի որ ներքուստ ունենում ես կյանքի փորձ և հասունություն, արտաքնապես երիտասարդ ես և գեղեցիկ։ Կարծում եմ՜ սա ամենալավ տարիքն է։ Ես իմ տարիքից բավականին հասուն եմ և դրան հասել եմ  ներքին աշխատանքով։

Վերջին տարիներին շատ-շատ եմ աշխատել իմ ներաշխարհի վրա։ Մարդու աուրան իր մասին շատ ավելին կարող է ասել, քան արտաքինը։ Ինձ մոտ ամեն ինչ սկսվում է ներսից, ինչն անդրադառնում է կյանքիս մյուս ասպեկտների վրա։ Ներքուստ շատ ավելի հասուն եմ և վայելում եմ ներքին հասունության և ֆիզիկական երիտասարդության համադրությունը, որն ինձ շատ է դուր գալիս»։

Շուշան Երիցյան

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում