Մամուլ

Հրավառության կազմակերպիչներն, առանց տուգանվելու բաց են թողնվել

Հրավառության կազմակերպիչներն, առանց տուգանվելու բաց են թողնվել

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից։

Երեկ երեկոյան կառավարական ամառանոցների հարեւանությամբ՝ «Դվին» հյուրանոցի բակում, Երեւանի համար անասելի հզորությամբ հրավառություն իրականացնելու համար վարչական ձերբակալման են ենթարկվել ՍՊԸ-ի աշխատակիցներ։

Հրավառություն կազմակերպած ՍՊԸ-ի աշխատակիցներին ոստիկանության բաժնում 3 ժամ հարցաքննելուց հետո առանց տուգանելու բաց են թողել, քանի որ լռության ժամը խախտված չի եղել։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի համաձայն լռության ժամ է համարվում 23։00-ից 7-ը, որի ընթացքում հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում։ Հրավառությունը տեղի է ունեցել մինչեւ 23։00։

Գուցե ժամային առումով խախտում չկա, բայց ոլորտը կարգավորող տեսչական մարմինը պարտավոր է պարզել՝ արդյո՞ք նման ծավալի հրավառ նյութերի օգտագործումը Երեւանի ամենաբանուկ հատվածում համապատասխանել է օրենքով սահմանված թույլատրելիությանը։ 

Փորձեցինք կապ հաստատել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին, սակայն մեր զանգը մնաց անպատասխան։

Կիսվել էջում