Աշխարհ

Հայ բժիշկը մեկնել է Սուդան, մարդասիրական օգնություն ցույց տալու համար․ Ֆոտո

Հայ բժիշկը մեկնել է Սուդան, մարդասիրական օգնություն ցույց տալու համար։ Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանն արդեն Սուդանում է։ Նա անցել է իր պարտականությունների կատարմանը։

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանն օգոստոսի 2-րդ կեսից մինչև հոկտեմբերի 2-րդ կեսը մարդասիրական առաքելություն կիրականացնի Սուդանում` փոխարինելով «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինային։ Արմեն Մկրտչյանը մեկնելուց առաջ էլ խոստացել էր՝ նորից վերադառնալու է Գյումրի:

Բժշկը Սուդանում անցել է իր պարտականությունների կատարմանը ու արդեն հասցրել է լուսանկարներ հրապարակել Ֆեյսբուքի իր էջում։ Առաջին լուսանկարում Արմեն Մկրտչյանը հիվանդանոցում է` սուդանցի սևամորթ հրաշք բալիկը գրկին։ «Ես ու շոկոլադս»,–նկարին կից գրել է բժիշկը։

Օգտատերերին անսահման դրական լիցքեր է պարգևել այս նկարը, նարնք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել` գովաբանելով սևամորթ, կլորիկ բալիկին։ Նրանցից շատերն առաջարկել են այդ «շոկոլադին» հետը Հայաստան բերել։ Մեկն էլ գրել է. «Արմ ջան, հանկարծ չհավեսիս ու սև կին բերես»։

Բժիշկը լավ հարմարվել է միջավայրին, սուդանցիներին ու արդեն նրանց հետ ժամանակ է անցկացնում բնության գրկում։ Այս լուսանկարը ևս դրական էմոցիաներ է տվել և բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվել։ Շատերը նշել են, որ անհնար է առանց ժպիտի դիտել այս նկարը։

Հիշեցնենք, որ 2017 թվականին «Ավրորա» մրցանակաբաշխությունն աշխարհին հայտնի դարձրեց Սուդանի՝ պատերազմներից կեղեքված Նուբա լեռներում գործող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինայի մասին:

Այս տարի ևս նրան փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ Քաթինան, որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքի Սուդանի Նուբա լեռները, գա Հայաստան, որպեսզի կատարի նախաձեռնության նախագահի իր պարտականությունները:

Այդ ընթացքում հայ բժիշկը նրա փոխարեն կաշխատի «Գթության մայր» հիվանդանոցում:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով