ՄամուլՏեսանյութ

Կառավարությունը հանրակացարանը նվիրեց բնակիչներին (Տեսանյութ)

Կառավարությունը հանրակացարանը նվիրեց բնակիչներին:

106 բնակարան սեփականության իրավունքով նվիրատվության կհանձնվի 231 անձ ունեցող 100 ընտանիքի

Նպատակ ունենալով լուծել բնակչության բնակարանային խնդիրները՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2011 թ. մարտի 24-ի իր որոշմամբ հաստատված Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության կարգում և դրանց համաձայն՝ որոշում ընդունել 106 բնակելի տարածք սեփականության իրավունքով նվիրատվության հանձնել բնակիչներին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագծով պետական կառավարչական հիմնարկների ենթակայության հանրակացարանային տարածքներում բնակվող բնակիչների կողմից զբաղեցրած սենյակների նվիրատվության համար սահմանվում է հետևյալ պայմանը՝ բնակելի տարածքները նվիրատվությամբ տրամադրվում են համապատասխան տարածքում հաշվառված և մինչև 2017 թ. դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիներին, բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում,  որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման շրջանակում երբևէ բնակարան ձեռք չեն բերել կամ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաև սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք:

Առաջարկվող փոփոխությամբ ընդգրկվել է նվիրատվության ենթակա 106 սենյակ, որոնք տրամադրվելու են 231 անձ ունեցող 100 ընտանիքի: Նախատեսվում է նվիրատվության պայմանագրերը կնքել 1 տարվա ընթացքում:

Կիսվել նյութով