Մամուլ

«Ծնողն իր երեխային բանակ ուղարկելիս մտածում է ավելի շատ ներքին ճնշումների, քան գնդակից զոհվելու մասին». Գևորգ Պետրոսյան

«Ծնողն իր երեխային բանակ ուղարկելիս մտածում է ավելի շատ ներքին ճնշումների, քան գնդակից զոհվելու մասին»։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում քննարկեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Արման Աբովյանի համահեղինակած օրենսդրական նախագիծը:

Նախատեսվում է լրացում կատարել «ՀՀ քրեական օրենսգրքում» և քրեականացնել զինծառայողին ինքնասպանության հասցնելը կամ հասցնելու փորձը: Առաջարկվում է զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժել ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով:

Քննարկումը հանձնաժողովում բուռն էր: «Իմ քայլը» խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը հարցադրեց, թե ինչո՞ւ է ամրագրվել «զինծառայողի կողմից կատարված» ձևակերպումը, այն դեպքում, երբ բանակում հանցագործությունը կարող է տեղի ունենալ նաև ոչ միայն զինծառայողի, այլև քաղծառայողի կողմից:

«Այսպես կոչված դրսից եկածի ինստիտուտը կարող է դեր ունենալ»,- նշեց նա:

Բանավեճի առարկա դարձավ նաև այն հարցը, թե քրեական պատիժը տարածվելո՞ւ է զինծառայության վայրից դուրս կատարված դեպքերի վրա: Գևորգ Պետրոսյանը հարկ համարեց նկատել, որ նախագծի էությունից պետք չէ շեղվել, որովհետև նախագիծը ծնվել է հենց զինծառայության վայրում զինվորի հանդեպ հանցագործություն կատարելը պատժելու ու կանխելու նապատակից:

«Այսօր ծնողն իր երեխային բանակ ուղարկելիս մտածում է ավելի շատ ներքին ճնշումների, քան գնդակից զոհվելու մասին»,- ասաց նա:

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը կառավարության կողմից արված առաջարկները ներկայացրեց: Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ ընդունեցին կառավարության տարբերակը՝ առաջինից երկրորդ ընթեցման ժամանակ կրկին լրամշակումներ կատարելու հեռանկարով:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել նյութով