Շոու-բիզնես

«Նա սիրում է ինձ անդավաճան սիրով, ես էլ՝ նրան». Անի Երանյան

«Նա սիրում է ինձ անդավաճան սիրով, ես էլ՝ նրան»։ Դերասանուհի Անի Երանյանի Bravo.am-ի հետ նոր զրույցը խոստովանությունների եւ մտորումների հետաքրքիր արձանագրություն է դարձել: Նա մեզ է տրամադրել նաեւ իր նոր ֆոտոշարքը:

Մանկությունը

Երազանքների մանկություն եմ ունեցել: Մեծացել ու դաստիարակվել եմ մեծ սիրո ու ուշադրության միջավայրում: Կոնկրետ որեւէ պատմություն հիմա չեմ մտաբերում, որ պատմեմ, բայց այն, որ իրոք անհոգ եւ գեղեցիկ է եղել մանկությունս, կարող եմ վստահ ասել:

«Չհասկացան, որ դա պարզապես լռություն է»

Պատանեկան տարիներին ավելի հաճախ էի լսում, որ գոռոզ եմ եւ մեծամիտ: Դժվար թե անծանոթ մարդիկ տեսնեին ինձ ժպտալիս, բայց մինչ օրս չհասկացան, որ դա պարզապես լռություն է, այլ ոչ թե գոռոզություն: Դպրոցում ուսուցիչներիս կողմից սիրված եմ եղել, ընկերասեր ու աշխույժ: Թեեւ շփման մեջ բաց էի, բայց միեւնույն ժամանակ քիչ մարդկանց էի մոտ թողնում ինձ: Հիմա ավելի կամակոր եմ. գուցե ավելի շատ եմ ժպտում, գուցե. չգիտեմ:

Անի Երանյան

Կամակորը

Ինչպես իմ կյանքի յուրաքանչյուր փուլ, կարիերայի փուլը եւս չսպասված էր, բայց սկսվեց աշխույժ, գեղեցիկ ու դեռ պահպանվում է: Արդեն 12 տարի է անցել, բայց իմ սերը նրա եւ նրա սերն իմ հանդեպ անդավաճան է: Փորձել եմ զբաղվել այլ բանով, փորձել եմ բավական մեծ դադար վերցնել, բայց կամակորը չի թողնում. սիրում է ինձ անդավաճան սիրով, ես էլ՝ նրան:

Գայթակղությանը չտրվելու համար

Դժվարություններն ամենուր են, բայց յուրաքանչյուրին տրվում է այնքան դժվարություն, որքանի ուժ ունի նա: Եվ գուցե մի պահ քեզ թվում է՝ էլ ուժ չունես, որ ուզում ես ամեն ինչի վրա խաչ քաշել, եւ մեկ էլ գերբնական մի գնդաձեւ ուժ գլորվում է եւ քանդում յուրաքանչյուր ցավ, դժվարություն, հիասթափություն եւ բացում նոր մեծ տարածք, որը քոնն է, ու դու պիտի կառուցես նոր սեր, նոր հույս ու ապրեցնես քեզ: Անցյալդ ամեն անհարմար պահի փորձում է ներխուժել քո կյանք, բայց պիտի ուժեղ լինես, որ չտրվես նրա գայթակղությանը: Ջարդվածը հավաքելն իմը չէ: Երբ դժվարությունից, ցավից չես վախենում, այլ ժպիտով կռիվ ես տալիս, նա հետ քայլ է անում:

Անի Երանյան

«Ազատվել եմ դրանից»

Այլ տարբերակ չկա՝ կամ պիտի խորտակվես հանդիպած բարդություններում, որովհետեւ շուրջդ չարությունը շատ է, կամ պիտի կարողանաս թքած ունենալ եւ մաքրել: Խոսքն արհամարհելու մասին չէ, այլ՝ ուրիշի կարծիքով ապրելու: Մենք խնդիր ունենք կարեւորել մարդկանց կարծիքները: Պատկերացրեք՝ ինչքան մարդ կա, այնքան դաստիարակություն ու կարծիք: Ես խեղդվում եմ, երբ տեսնում եմ իմ շրջապատում երիտասարդ աղջիկների, որոնք վախենում են մի բան անել կամ խոսել, բարձրաձայնել որեւէ բանի մասին: Կամ, օրինակ, կրել այս կամ այն կոշիկը, որովհետեւ մեկի համար դա տգեղ է, մյուսի համար այլեւս նորաձեւ չէ: Դու քիչ-քիչ խելագարվում ես այն մտքից, թե որքան կարելի է ապրել ուրիշի կարծիքով: Մեր ու նաեւ իմ խնդիրը եղել է այն, որ ժամանակին թույլ ենք տվել մեզ լինել այդ գերության մեջ: Իսկ հիմա կարող եմ հստակ ասել, որ ազատվել եմ դրանից եւ շնչում եմ ազատ ու լիաթոք: Սա իմ եւ միմիայն իմ կյանքն է: Ինձնից լավ ոչ ոք այն չի ապրի:

«Երրորդ տարբերակ չկա»

Ես միշտ ասում եմ, որ յուրաքանչյուրս արժանի ենք նրան, ինչ ունենք: Ինչին ձգտում ես, նրան էլ հասնում ես: Կամ ուզում ես լինել երջանիկ, կամ չես ուզում. երրորդ տարբերակ չկա:

Կինը

Կինը ֆենոմենալ էակ է. նա նոր կյանքեր է ծնունդ տալիս, մարդ է ձեւավորում եւ դաստիարակում, նրա զգայարաններն ու խելքը, խելացիությունը, կոկիկությունն ու խորամանկությունն աներեւակայելի հզոր են: Այն ուժը, որն ունենք մենք մեր մեջ, կարող ենք ե՛ւ աշխարհ շուռ տալ, ե՛ւ նորը կառուցել:

Անի Երանյան

Վաղը

Մարդը պետք է կարողանա միայնակ լինել երջանիկ: Երբեք պետք չէ ուրիշ մեկին դարձնել իմաստ, երջանկություն կամ լիարժեքություն, որովհետեւ եթե դու քեզ հետ երջանիկ ու լիարժեք չլինես, կողակցիդ չես կարողանա տալ լիարժեքություն, այլ միայն կիսատություն կտաս: Երբ հանդիպում ես այն մեկին, ում կողքին երջանիկ ես, պատրաստ ես քո օդից, ազատությունից տալ նաեւ նրան, ապա կարող ես համարել, որ գտել ես քո նոր՝ ուրիշ լիարժեքությունը: Այդ ժամանակ արդեն կտեսնես քո կամ արդեն ձեր վաղը:

Այսօրվա տղամարդիկ

Իրականությունն ու մեր պատկերացումները շատ են փոխվել: Այսօր արական սեռի ներկայացուցիչները կանանցից կամակոր են եւ պահանջկոտ, ձեռնարկող չեն եւ նեղացկոտ են: Չեմ հասկանում՝ աշխարհը խառնվել է իրար, ճիշտն ու սխալը վերացել են: Կնամեծար տղամարդկանց բարդույթավորում են «պոդկաբլուչնիկ» պիտակով, կնոջն անհարգալից վերաբերվողներին համարում են տղամարդ: Ի վերջո, մենք շատ ծանր բեռ ենք վերցրել մեր ուսերին եւ քարշ ենք տալիս, բայց այլ տարբերակ չկա՝ կա՛մ նա կլինի մի քիչ իմ պատկերացումների նան, կա՛մ ավելի լավ է՝ չլինի:

Անի Երանյան

Նեղացած չի

Ես սիրում եմ իմ քաղաքը: Սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, երկրպագուներիս եւ այն, ինչով զբաղվում եմ արդեն 10 տարուց ավելի, բայց, ցավոք, ժողովուրդս չարացած է: Ծերերը երիտասարդներին հայհոյում են եւ անիծում, երիտասարդները մեծերի հանդեպ հարգանքը կորցրել են: Ինձ հանգիստ էր պետք, ու դեռ պետք է: Տաքն ու սառը տարբերակելու ճիշտ ժամանակն էր: Իմ Հայաստանն այսքան բեռ է քարշ տալիս, ես ո՞նց կարող եմ իրենից նեղանալ:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել նյութով