Ծեծկռտուք Գյումրիում՝ բարձր երաժշտության պատճառով․ տղամարդիկ քարերով հարվածել են միմյանց
Aravot.am-ը գրում է՝
«Հուլիսի 13-ին՝ գիշերը սկսվելուն պես, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու Մուշ թաղամասում․ բարձր երաժշտություն միացնելու պատճառով նախ վիճաբանություն է սկսվել երկու տղամարդկանց՝ Յ․Ֆ․-ի և Է․Ո․-ի միջև, որի ընթացքում վերջինս ապտակել, այնուհետ քարով հարվածել է Յ․Ֆ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Տեղի ունեցած միջադեպի հետևանքով Յ․Ֆ․-ն նաև ընկել ու կոտրել է ձեռքը։ Պատճառը եղել է Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակարանում բարձր երաժշտություն միացնելը։
Յ․Ֆ․-ն գիշերը ժամը 01։30-ին դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ բուժօգնության, «գանգուղեղային փակ վնասվածք, գլխամաշկի պատռված վերք» ախտորոշմամբ, որտեղից և զանգահարել են ոստիկանություն։
Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մանրամասները․ Է․Ո․-ն ոստիկանությանը տված իր հաղորդմամբ հաստատել է կատարվածը, իսկ գիշերը ժամը 03։30-ին ավագ համայնքային ոստիկան Խաչատրյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Այս դեպքը զարմանալի է նրանով, որ միջադեպի մասնակիցներից մեկը՝ Յ․Ֆ․-ն, 43 տարեկան է, իսկ նրան քարով հարվածելու մեջ կասկածվող Է․Ո․-ն՝ 45 տարեկան, այսինքն՝ հասուն տարիքում գտնվող տղամարդիկ են, որոնք, ըստ էության, չեն կարողացել լեզու գտնել՝ ուշ ժամի բարձր երաժշտությունը անջատելու կամ գուցե ցածրացնելու շուրջ»:



