Լճաշենի լողափերից մեկում ջրասուզակը դուրս է բերել 36-ամյա տղամարդու մարմինը
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն բնակավայրի հարակից լողափում քաղաքացի է խեղդվում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ նշանակության ջրափրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 2-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և դասակի հրամանատար Իշխան Հակոբյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 1,8 մետր խորությունից դուրս է բերել Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էդիկ Մ.-ի մարմինը։
Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժինը տեղեկությունը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարտիկյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ ջրահեղձ եղած տղամարդը, ըստ իրենց, նախքան ջրահեղձ լինելը, փրկել է ջրահեղձ լինելու վտանգի մեջ հայտնված 3 քաղաքացիների։


