ՄամուլՏեսանյութ

Ի՞նչ վիճակում են ողբերգական վթարից տուժած 11 քաղաքացիները

Ապարանի բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Գալստյանի փոխանցմամբ՝ վթարից տուժած քաղաքացիները բժշկական կենտրոն սկսել են դիմել ժամը 17:45-ի սահմաններում։ Տուժածների մի մասը տեղափոխվել է շտապօգնության մեքենաներով, մյուսները՝ ինքնուրույն։ Ընդհանուր առմամբ բժշկական կենտրոն է դիմել 11 պացիենտ։

Բուժզննության և անհրաժեշտ հետազոտությունների արդյունքում երկու պացիենտի մոտ արձանագրվել է կայուն ծանր վիճակ։

Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրանք, նախնական պայմանավորվածությամբ, տեղափոխվել են Երևան՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Երկուսն էլ տղամարդ են, և նրանց վնասվածքները կյանքի համար վտանգ սպառնացող չեն գնահատվել։

Ութ պացիենտ բժշկական կենտրոնում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և առաջին օգնություն, որից հետո դուրս է գրվել։ Նրանց հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։

Եվս մեկ՝ 18-ամյա պացիենտ, վնասվածքով, այս պահին գտնվում է Ապարանի բժշկական կենտրոնի ստացիոնար հսկողության տակ։ Նրա համար նախատեսվում է պլանային վիրահատություն։

Տիգրան Գալստյանի խոսքով՝ վթարի հետևանքով տուժածների թվում անչափահասներ եղել են, սակայն Ապարանի բժշկական կենտրոն դիմած 11 պացիենտների թվում անչափահասներ չեն եղել։

Հիշեցնենք սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։

Պարզվել էր, որ նշված ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով 5 հոգի մահացել են, 11-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր։

Բախված մեքենաները սպասարկում էին Արթիկ–Երևան և Երևան–Վանաձոր երթուղիները։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում