Թուրք լրագրողին դատում են Հայոց ցեղասպանությունը լուսաբանելու համար
Թուրքիայում շարունակվում է «Bianet» թերթի խմբագիր Թուղչե Յըլմազի դատական գործը, որը կապված է հայ երիտասարդների հետ Հայոց ցեղասպանության թեմայով արված հարցազրույցի հրապարակման հետ։
Ստամբուլի դատարանում տեղի ունեցած նիստի ընթացքում դատախազը պահանջել է լրագրողի նկատմամբ պատիժ կիրառել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիմքով։ Գործով հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 20-ին, հայտնում է Ermenihaber-ը։
Յըլմազը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները՝ ընդգծելով, որ իր գործողությունները բացառապես լրագրողական գործունեության շրջանակում են։
Նրա պաշտպանները պնդում են, որ գործը չունի բավարար իրավական հիմքեր, և որ լրագրողի նկատմամբ հարուցված գործընթացը կապված է մասնագիտական աշխատանքի հետ։ Նրանք նաև նշում են, որ բողոքարկման ընթացակարգում առկա են վիճահարույց հանգամանքներ։
Հիշեցնենք, որ Յըլմազի նկատմամբ գործը հարուցվել էր «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման պատճառով։
Դատական առաջին նիստը կայացել էր 2025 թվականի դեկտեմբերի 2-ին և հետաձգվել մինչև 2026 թվականի ապրիլի 21-ը։ Լրագրողը մեղադրվում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին և կառույցներին վիրավորելու» մեջ։



