Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Թուրքիայի Էլազըղի (պատմական Խարբերդ) Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը ոչնչացվել է, իսկ դրա տարածքում Թուրքիայի բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից երկու տուն է կառուցվել։
Տեղացիների խոսքով՝ 2023-ին ավարտված շինարարության հետևանքով գերեզմանատունն ամբողջությամբ վերացել է, իսկ մարդկային ոսկորներն ու գանգոսկրերը ցրվել են տարածքում։
Գյուղացիները նշում են, որ, չնայած իրենց բողոքներին, շինաշխատանքները շարունակվել են, և տները կառուցվել են հենց գերեզմանների վրա։
Աղբյուրի համաձայն՝ գյուղում ավերվել են նաև հայերի կառուցած հուշաղբյուրները, իսկ եկեղեցու և գերեզմանատան քարերը տարիների ընթացքում գողացվել կամ ոչնչացվել են։
Տեղաբնակ Հասան Յըլդըրըմը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ շինարարության ժամանակ գյուղում չեն եղել և հետագայում են իմացել կատարվածի մասին։
Պաշտոնական տվյալներով՝ գյուղը մինչև 1915 թվականը հայկական բնակավայր է եղել, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո այնտեղից գրեթե ոչ ոք չի փրկվել։


