ՄամուլՏեսանյութ

Թաթուլ Ավոյանի որդին վրաերթի է ենթարկվել

Թաթուլ Ավոյանի որդին վրաերթի է ենթարկվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հենրիկ Խաչատրյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա հասցեի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա Ֆրունզե Ավոյանին, ապա առաջ ընթացել և բախվել նշված վայրում գործող արագ սննդի կետի կրպակին և մասամբ հայտնվել մայթին՝ բախվելով ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արտյոմ Արամյանն ու կրտսեր պարեկ Գոռ Ադամյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի որդին է, ում կյանքին վտանգ չի սպառնում։Սննդի կետին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Կիսվել էջում