Մամուլ

Դանակահարություն Վանաձորի բանտում․ 4 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց

Դանակահարություն Վանաձորի բանտում․ 4 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:10-ի սահմաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որպեսզի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտենա Վանաձորի բանտ, որտեղ կան տուժած քաղաքացիներ։

Վանաձորի բանտից մեկ հոգու շտապօգնության բժիշկները տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի հիվանդանոց է տեղավորվել բնատի աշխատակիցների կողմից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկաներ։

Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար։

Կասկածյալներից մեկը վերջերս Լոռու մարզում վենդետա իրականացրած, կալանավորված անձանցից մեկն է՝ Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Փիլոյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 30-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արմեն Գևորգյանը, Տիգրան Թադևոսյանն ու Հայարփի Սահակյանը միջնորդություններ էին ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Փիլոյանի նկատմամբ: Դատավոր Տարոն Թադևոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել էր միջնորդությունը և Կ. Փիլոյանը դատարանից տեղափոխվել էր ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:

Վերջինս կասկածվում է նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի գործադրմամբ Վանաձորի բնակիչ 39-ամյա Արման Փերիխանյանին սպանելու մեջ և նրան ու հանցագործության գործիք ինքնաձիգը տաք հետքերով հայտնաբերել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները:

Կիսվել էջում