Մամուլ

Էնտեղից ինչ ասում են, ստեղ անում են․ Պուտինը Հայաստանը ծախել-պրծել ա արդեն․ Աղաբաբյան․ «Հրապարակ»

Էնտեղից ինչ ասում են, ստեղ անում են․ Պուտինը Հայաստանը ծախել-պրծել ա արդեն․ Աղաբաբյան

«Հրապարակ»-ը գրում է․ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի տնօրինությանը հանձնված «Հրազդան» ստադիոնի տարածքում վերջին շրջանում շինարարական եւ բարեկարգման ակտիվ աշխատանքներ են ընթանում։

Պարզելու համար, թե ինչ նախագիծ է իրականացնում դեռ նախկինների ժամանակվանից պարտքեր ունեցող, իր հարկային պարտավորությունները պետության հանդեպ չկատարած գործարարը, զրուցեցինք նրա հետ։

– Պարոն Աղաբաբյան, ստադիոնում ակտիվ եռուզեռ է, ի՞նչ ծրագրեր եք իրականացնում, ի՞նչ միջոցներով, որքանով հիշում եմ՝ դեռ նախորդ իշխանության ժամանակ պետության նկատմամբ մեծ պարտքեր էիք կուտակել, արդեն մարե՞լ եք։

– Ոչ թե շինարարություն է արվում, այլ կանաչ տարածք է հավաքվում՝ յոլկաների, էկզոտիկ ծառերի ցուցահանդեսի պես բան են ուզում անել։ Վերեւի պլաշչադկան ուզում ենք գեղեցկացնել, ինքը, փաստորեն, խանութ ա, բայց սիրուն սարքվում ա, ծառերի, ծաղիկների, կանաչ աշխարհի խանութ ա լինելու։

– Ձե՞րն է։

– Չէ, վարձակալությամբ ենք տվել, շատ համեստ մի  անձնավորություն։

– Հեղափոխականի՞։

– Չէ, չէ։

– Նախկինում հայտարարել էիք, որ ստադիոնի հետ կապված՝ «առողջացման ծրագիր» եք ուզում իրականացնել, այս իշխանությունների ժամանակ Ձեզ այնքան էլ վատ չեք զգում, ինչո՞ւ չեք անում հիմա, գուցե դիմեք՝ Ձեզ աջակցեն։

– Հա, ուզում ենք, բայց դե կորոնավիրուս, պատերազմ, սրանց կապիկությունները․․․ չգիտեմ։

– Ի՞նչ կապիկություն, ո՞ւմ կապիկությունը։

– Իշխանության։

– Ինչ-որ բա՞ն են արել Ձեր նկատմամբ։

– Ինչ տալիս ենք, չեն հաստատում, ինչ առաջարկ անում ենք, մեզ «ավսայիդ» են արել, չեն օգնում, մենք էլ ինչ կարում, անում ենք։

– Այդքան գովեցիք այս իշխանություններին, փաստորեն, չեն գնահատում Ձեզ։

– Ես ե՞րբ եմ գովացել, ես փնովել եմ ուրիշներին, նրանց փնովելը սրանց գովե՞լ է նշանակում։ Դրանք տարբեր բաներ են։

– Եթե սրանց չես փնովում, արդեն գովել է, բայց հաստատ գովացել եք։

– Հա, սկզբում գովացել եմ մի քիչ՝ հույս ունենալով, որ կգա, մի բան կփոխի։ Չի փոխի, հիմա ի՞նչ տարբերություն՝ ի՞նքն ա, Պողո՞սը, թե՞ Պետրոսը։ Հիմա եթե ժողովրդի համար բան չի արվում, չասե՞նք, մինչեւ ե՞րբ լռենք։ Սկզբից ի՞նչ եմ ասել, ասել եմ՝ Նիկոլը կարող ա մի բան փրկի։

– Պատերազմից հետո էլ էիք շարունակում հույս կապել իշխանության հետ, պաշտպանել նրանց։

– Դե, պատերազմն ի՞նչ, ի՞նչ պիտի անեին սրանք, եթե դավաճաններ կային։ Դուք չգիտե՞ք ով ա դավաճան, դավաճանը նա է, ով Ռուսաստանում սովորած վայեննի ա։ Իրենց ակադեմիան ավարտել են, դառել իրենց շպիոնը, ընտեղից ինչ ասում են, ստեղ անում են։ Պուտինը Հայաստանը ծախել-պրծել ա արդեն։

– Եթե Փաշինյանը ոչ մի բան չէր կարող անել, ինչո՞ւ մնաց, թող հենց պատերազմի սկզբից ասեր՝ ժողովուրդ, դավաճաններն են կառավարում երկիրը, բանակը, պատերազմը․․․ ԱԱԾ-ն բռներ դավաճաններին եւ այլն։

– Ես Ձեզ մի բան ասեմ՝ մարդն ասեց, չէ՞, զինվորականներին՝ ի՞նչ եք ուզել, որ չեմ տվել։ Եթե ինչ ուզել են, տվել ես, չես հետեւել, ո՞վ ա մեղավոր։ Հո մենակ տալով չի՞, պիտի հետեւես, չէ՞։

– Զինվորականներն էլ ուրիշ բան են ասում, Դուք անվերապահ հավատո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին։

– Ես ի՞նչ իրավունք ունեմ չհավատալու, եթե ինքը պուբլիչնի ասում ա՝ ի՞նչ եք ուզել, որ չեմ տվել։

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով