Ես որևէ պարագայում ինքնասպան չեմ լինելու
Hraparak-ը գրել է․ «Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանին ուղղված կոշտ հայտարարություններն ու հարցադրումները չեն դադարում: ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան օրերս հայտարարել է. «Ես դեռ հարցեր/առաջարկներ ունեմ։ Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվեցին։
Կարող եք այլեւս լապշա չկախել ձեր բնակչության ականջներից: Տղամարդկություն ունեցեք եւ գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը, թե ինչ է եղել իրականում: 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացավ։ Ռուսաստանը օգնություն ցուցաբերեց խաղաղ կարգավորման հասնելու համար։
Այնուհետև Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, և ՀԱՊԿ-ը, չնայած Ձեր ստերին, արագ արձագանքեց. առաքելություն ուղարկվեց հայ-ադրբեջանական սահմանին, հենց Հայաստանի տարածքում, իրավիճակը գնահատելու համար, ինչպես նախատեսված է Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերով։
Դուք այդ ժամանակ անձամբ հանդիպեցիք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Երևանում։ Ի՞նչ է, ըստ Ձեզ, նա հյուր էր եկել՝ Հարավային Կովկասի գեղեցկությունը տեսնելու։ Ոչ, դա ՀԱՊԿ-ի առաքելությունն էր, որը պաշտպանում է անդամ պետությունների տարածքը։
Իսկ այ Դո՛ւք ոչինչ չարեցիք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով։ Ավելին, 2022 թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովը։ Մեկ օր առաջ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով զգալի աշխատանք էր կատարվել Կազմակերպության առաքելության տեղակայման վերաբերյալ որոշման շուրջ համաձայնության գալու համար։
Տեքստը պատրաստ էր. մնում էր միայն, որ ղեկավարները ստորագրեին այն։ Ինչից Դուք, Նիկոլ Վովաևիչ, ինչպես հայտնի է, հրաժարվեցիք։ Որոշումը, ի թիվս այլ բաների, նախատեսում էր հետևյալը՝ անհապաղ քաղաքական և դիվանագիտական միջոցառումներ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար, ռազմատեխնիկական օգնության տրամադրում, սահմանապահ զորքերին օգնություն՝ նրանց վարժեցնելու և տեխնիկական սարքավորումներով հագեցնելու հարցում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի արագ տեղակայման ծրագրի մշակում Հայաստանի տարածքում:
Եվրոպացի դիտորդներից կարեւորագույն տարբերությունն այն էր, որ ՀԱՊԿ առաքելությունը լիազորված կլիներ ոչ միայն «դիտել հեռադիտակով», այլև անմիջականորեն զեկուցել սահմանին տիրող իրավիճակի մասին և առաջարկել միջոցներ՝ հնարավոր ճգնաժամային իրավիճակները լուծելու համար։ Հիշենք այդ աշնան այլ իրադարձություններ եւս։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ձեր կողմից նշված սահմանային միջադեպերից երեք շաբաթ անց՝ Դուք անձամբ, ԵՄ հսկողության ներքո, ակնհայտորեն վստահելով Բրյուսելին և Փարիզին, ստորագրեցիք Պրահայի հռչակագիրը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դուք բաց տեքստով հայտարարեցիք. «Ադրբեջանի տարածքը 86,600 քառակուսի կիլոմետր է՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»։
Նիկոլ Վովաևիչ, եթե հիմա Ձեր ձեռքը մեկնում եք՝ դեսպանին կանչելու կամ, ինչպես Դուք սիրում եք, եւս մեկ բողոքի նոտա գրելու համար, երկու անգամ մտածեք։ Որովհետև այդ դեպքում ստիպված կլինեք նշել, թե վերը նշված հայտարարություններից որն է սխալ։ Վերը նշված ամեն ինչ պատմական փաստ է։ Յուրաքանչյուր հայտարարություն հիմնավորվում է Ձեր սեփական խոսքերով, Ձեր սեփական որոշումներով։
Եվ երբ Ձեզ անհարմար հարցեր են տալիս, դադարեք Ձեր վրայից մեղքը գցել, եւ պատասխանատվությունը բարդել բոլոր նրանց վրա, ում կարող եք հասնել, նրանց վրա, ով Ձեզ անձամբ դուր չի գալիս՝ Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, Ադրբեջանի, Հայաստանի նախկին ղեկավարության, Հայ Առաքելական Եկեղեցու և այն հայ ձեռնարկատերերի վրա, որոնց դեմ այժմ այդքան ակտիվորեն պայքարում եք, Ղարաբաղի հայերի, նրանց նախնիների և նրանց երեխաների վրա։ Դա անամոթություն է: Ձեզ համար բոլորը մեղավոր են: Անմեղ եք միայն Դուք»:
Փաշինյանին ուղղված ռուսական մեսիջների մասին «Հրապարակը» զրուցել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Զոհրաբյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատեց.
«Վերջին շրջանում Ռուսաստանը խիստ կոշտացրել է իր դիրքորոշումը: Կարող ենք արձանագրել, որ ռուսական կողմը «զադնի» չի դնում, սա որևէ քննարկման ենթակա չէ: Ռուսական կողմն ասում է՝ ԵՄ-ԵԱՏՄ հանրաքվե պետք է իրականացնել:
Լավրովի խոսքով՝ մի շարք արտոնություններից Հայաստանը կարող է զրկվել: Պեսկովը, Զախարովան ևս կոշտ հայտարարություններով հանդես եկան՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից ընդամենը մի քանի ժամ առաջ: Այսպիսով ռուսական կողմը պաշտոնապես հայտարարում է, որ հանդիպման օրակարգում ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցն է: Ռուսաստանն ասում է՝ Հայաստանն էլ պլստալու տեղ չունի, ջրբաժանը հստակ գծված է՝ կամ ԵԱՏՄ, կամ ԵՄ:
Փաշինյանի ռեժիմը փորձում է ժամանակ ձգել, սակայն ժամանակ ձգելու տեղ չկա: Օրինակ՝ երկաթուղու մասով ես կարող եմ համաձայնել որոշ հարցերում: Այն ցարական Ռուսաստանի Գրիբայեդովի ժամանակների երկաթուղի է, իսկ ռուսական կողմը որևէ լումայի ներդրում չի կատարում:
Նման կերպ վերաբերվում են միայն վասալների հետ։ 600 կիլոմետրանոց Բաթումի հասնում ես 22 ժամում: Դա կատաստրոֆա է: Պետք է կոնցեսիոն կառավարչի հետ խոսել, բայց ոչ դեմարշով։
Նայում եմ միջազգային մամուլը՝ Գերմանիան, Հոլանդիան, Ավստրիան զգուշացնում են իրենց քաղաքացիներին, որ հնարավոր է վառելիքի ճգնաժամի պատճառով ձմռանը դասերը լինեն օնլայն: Եթե մենք էդքան կանք, և կարող ենք դիմակայել ռուսական սահմանափակումներին, ապա ես որևէ պարագայում ինքնասպան չեմ լինելու»:


