ՄամուլՔաղաքականություն

Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս. Հայկ Մարության

Հայկ Մարությանը անդրադարձել է սեպտեմբերի 2-ին ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում իր ունեցած ելույթին:

Նա, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ժողովուրդ,

Համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձեւակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։

Ես ամենեւին անթերի չեմ, եւ կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձեւակերպել խոսքս, եւ, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։

Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, եւ դա Հայաստանի ժողովուրդն է։

Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության եւ արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սեւ ուժեր են, եւ ես անձամբ իմ պարտքն եմ համարել եւ համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլեւս երբեք չկարողանան դա անել։

Ընտրությունը ժողովրդինն է, եւ ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը»:

«Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»:

Այս հայտարարությունը բուռն քննադատությունների առրթ է դարձել:

Կիսվել էջում