ԺամանցՄամուլ

«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում՝ զորացրվող զինվորների հետ

«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում՝ զորացրվող զինվորների հետ։ Զորացրման օրվան բոլոր զինծառայողները սպասում են ծառայության առաջին օրվանից։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Հայաստանի զորամասերից մեկում ներկա է եղել զորացրման հուզիչ արարողությանը։

Երբ դու Հայաստանում մեծացած «քսանքանի» տարեկան աղջիկ ես, որը պարբերաբար դպրոցում, համալսարանում, ԶԼՄ-ներից, իր շրջապատի գրեթե ամեն տղայից լսել է բանակի մասին, կարող ես մտածել, որ լավ էլ պատկերացում ունես «չաստի կյանքի» մասին։ Բայց, արի ու տես, որ երբ իրականում ես հայտնվում զորամասում, պարալիզացվում ես. մարդիկ խոսում, քայլում ու վարվում են քեզ համար անհասկանալի դինամիկայով։ Ինձ հիմա զգում եմ Հայաստանի 12–րդ մարզում (Արցախը 11-րդն է)` բառերը կարծես թե հայերեն են, բայց այնպիսի բարբառով են ասում, որ` մեղա աստծու, պետք է լարվեմ, որ հասկանամ։

– Շարքայի՛ն Այսինչյան, դու գիտե՞ս պահպանության և պաշտպանության տարբերությունը։

– Ճիշտ այդպե՛ս։

– Իսկ ինձ թվում է` չգիտես, շարքային Այսինչյան։

– Ոչ մի կե՛րպ, պարո՛ն փոխգնդապետ։ Պահպանությունը խաղաղ պայմաններում է կատարվում, պաշտպանությունը` հակառակորդի մարտական գործողությունների ժամանակ։

– Վստա՞հ ես։

– Ճիշտ այդպե՛ս։

զորացրվող զինվորներ

Մտքումս հաշվում եմ, թե քանի վանկից է բաղկացած «ճիշտ այդպես» արտահայտությունը ու քանիսից` «գրաժդանսկի» «այո»–ն։ Լավ, ի՞նչ իմաստ կա այդքան երկար ֆրազներով խոսելու։

– «Դիսցիպլինա»,–հարցիս պատասխանում է զորամասի հրամանատարական կազմից փոխգնդապետ Սարգսյանը,–բանակը իրա «ուստավով» ու կյանքով է ապրում, առանց էդ ամենափոքր կարգավորումների բանակը բանակ չի։

–Հիմա որ զինվորը «ճիշտ այդպես»–ի փոխարեն ասի «այո», «ոչ մի կերպ»–ի տեղն էլ` «ոչ», թեմա՞ ա։

Խոսելուս մտերմիկ ոճն ակնհայտորեն դուր չի գալիս փոխգնդապետին, բայց զինվորականին բնորոշ սառնասրտությամբ պատասխանում է.

–«Թեմա» չի, բայց ընդունված չի։

Անգամ ինձ` մի քանի ժամով հյուր եկած «դրսի մարդու» համար է հասկանալի, որ կարգուկանոնը` փոխգնդապետի ասած «դիսցիպլինան», բանակի աստվածն է։ Զորամասի գրեթե ամեն մասնաշենքի պատին կան ժամանակացույցեր` երբ պետք է զարթնել, երբ հաց ուտել, երբ հանգստանալ, երբ դասի գնալ, երբ ֆիզիկական վարժություններ անել։ Քաղաքացիական կյանքում դպրոցում ապրում ես նման խիստ կարգով օրական չորս ժամ, համալսարանում` վեց, աշխատավայրում` ինը, բայց այստեղ օրվա 24 ժամդ էլ գրված է։ Իսկ եթե հաշվի առնենք, որ շատ 18-ամյա տղաներ անգամ առանց մեկ օր համալսարան հաճախելու են զինված ուժերում հայտնվում, կարելի է միայն պատկերացնել` ինչքան բարդ է նրանց համար «ժամով» ապրելը։

զորացրվող զինվորներ

– Ամենադժվարը արթնանալն է առավոտը, – պատմում է ինձ զինվորներից մեկը։

– Հա՞։

– Հա, մինչև հիմա չեմ հարմարվում։

– Իսկ քանի՞ օր ես ծառայում։

– …Մմմ։ Մի շաբաթից զորացրվում եմ։

Ես էլ, ինքն էլ, մեզ միացած երկու զինվորներն էլ ծիծաղում են։ Ինձ զինվորի վիճակում եմ պատկերացնում ու հարցնում.

– Գնալու ես տուն ու երևի օրերով քնե՞ս։

– Օրերով չէ, է, ամիսներով։ Մյուս տարի էս վախտ նոր կզարթնի, – ծիծաղելով ասում է զինվորի ընկերը։

– Ամեն օր գոռալով ենք արթնացնում,–շարունակում է մյուսը։

Դժվար արթնացող զինվորը կարող է նախօրոք ականատես լինել` իրեն ինչ է սպասվում մեկ շաբաթից. զորամասում առավոտվանից զինծառայողներ են զորացրվում։ Տասնյակի չափ զինծառայողներ կանգնած են զորամասի բակում` ծածանվող եռագույնի առջև։ Նրանց հետևում դեռևս անգործ կանգնած «մուզզվոդն» է` երաժիշտները, դիմացը` թղթերը ձեռքին հրամանատարը։

– Շարքային Վարոսյա՛ն։

– Ես եմ։

– Է՜, շարքային Վարոսյան, բարձր ասա, չի լսվում։

– Ե՛ս եմ։

– Այ այդպես։ Ինձ մո՛տ։

Բացարձակ կարևոր չէ, որ տղաների` զինծառայության վերջին րոպեներն են, նրանց դեռ բանակային կարգուկանոնի մեջ են պահում։ Հրամանատարը սեղմում է զինվորի ձեռքը.

– Այսօր ավարտում ես ծառայությունդ, շարքային Վարոսյան։ Ստացի՛ր պատվոգիրդ։ Շնորհավորում եմ։

զորացրվող զինվորներ

Զինծառայողը պատվոգիրը ձեռքին վերադառնում է շարք։ Կողքից տղաները փսփսում են` «զորացրման պասպորտդ ստացար»։

յս շարքից երեք զինծառայող է զորացրվում։ Առանձին–առանձին պատվոգրեր տալուց հետո հրամանատարը երեքին էլ կանչում է իր մոտ, սեղմում յուրաքանչյուրի ձեռքն ու մաղթում հաջողություններ քաղաքացիական կյանքում` հավելելով` «հետո բանակին երանի եք տալու, «գրաժդանսկի» կյանքն ավելի դժվար է»։

«Մուզզվոդը» սկսում է ուրախ քայլերգ նվագել։ Հրամանատարը, փորձելով երաժշտությունից ավելի բարձր խոսել, դիմում է ծառայությունը շարունակող զինվորներին.

– Դե, տղերք ջան, կարաք մոտենաք ձեր ընկերներին, գրկեք, պաչիկ անեք, հաջող անեք։

«Պաչիկ անեք»–ի վրա տղաները զսպված ծիծաղում են, բայց երբ մոտենում են զորացրվող ընկերներին` և՛ գրկում են, և՛ ճակատներն ու այտերը հավեսով համբուրում.

– Ախպերս, լավ մնա, մեռնեմ սրտիդ։

– Կզանգես հա՜, չմոռանաս։

– Բան չմնաց, ախպերս, հեսա ես էլ եմ գալու, կերևանք։

Իսկ նրանք, ում ուղղված էին այս կոչերը, մի ընկերոջ գրկից կտրվելուց հետո խառնված նայում էին շուրջը.

– Տղերք, մարդ կա՞, ում հլը հաջող չեմ արել։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կաքում։

Կիսվել նյութով