Մամուլ

Դիմակավորված անձինք մտել են տուն կապել ամուսինների ձեռքերը․ մանրամասներ առանձնապես խոշոր չափի գումարների կողոպուտից

Դիմակավորված անձինք մտել են տուն կապել ամուսինների ձեռքերը․ մանրամասներ առանձնապես խոշոր չափի գումարների կողոպուտից

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

2023 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 01:45-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել՝ անհայտ անձանց կողմից բնակելի տուն ներխուժելու, բնակիչներին կապկպելու, գումար և թանկարժեք իրեր գողանալու վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, երկու անհայտ դիմակավորված անձինք, ապօրինի կերպով մուտք են գործել Երևան քաղաքի Տիտովի փողոցի տներից մեկը, կապել բնակիչ ամուսինների ձեռքերը, զենքի ցուցադրմամբ և սպառնալիքներ հնչեցնելով հափշտակել են տարբեր արտարժույթներով առանձնապես խոշոր չափերով գումարներ, ոսկյա զարդեր։

Ապա տանտիրոջը պատկանող Տոյոտա մակնիշի ավտոմեքենայով նշված անձինք դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ 2023թ. հուլիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։

Մասնավորապես, զննվել է դեպքի վայրը, վերցվել են ձեռքի և կենսաբանական ծագում ունեցող հետքեր, ինչպես նաև՝ առանձնատանը հայտնաբերված կպչուն ժապավեններ:

Ամուսինները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տուժողին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան անվնաս վիճակում հայտնաբերվել է Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 16/2 հասցեի դիմաց գտնվող կանգառում:

Հետագա քննչական և վարութային գործողություններ կատարելու նպատակով ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատագենետիկական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանք կատարած անձանց, ինչպես նաև հափշտակված նյութական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ։

Այդ նպատակով հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել էջում