Գեղարքունիքում ողբերգական վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժնի , որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 6 ամսական տղա է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



