Գազայից երեխաներ կտեղափոխվեն Հայաստան
Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներ կտեղափոխվեն Հայաստան, որտեղ նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը կտրամադրվի ՀՀ առողջապահական հաստատություններում։
Երեխաների Հայաստան տեղափոխման և բուժման կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ առողջապահության նախարարությանը կհատկացվի 16,7 մլն դրամ։
Ըստ որոշման հիմնավորման՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել և ներկայում համապատասխան աշխատանքներ է իրականացնում ՀՀ արտաքին գործերի նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ։
Նպատակն է Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող մինչև 10 երեխայի տեղափոխումը Հայաստան և նրանց անհրաժեշտ բժշկական օգնության կազմակերպումը ՀՀ առողջապահական հաստատություններում։
Երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման արդյունքում 11 դիտարկված պացիենտներից ընտրվել էր 7-ը, որոնց անհրաժեշտ բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում։
Սակայն ընտրված 7 ընտանիքներից միայն 3-ն են համաձայնել Հայաստան տեղափոխվելու և այստեղ հյուրընկալվելու պայմանին՝ յուրաքանչյուր երեխայի հետ առավելագույնը մեկ ուղեկցող անձի մասնակցությամբ։


