Մամուլ

Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ. Արթուր Վանեցյան «Առավոտ»

Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ. Արթուր Վանեցյան

«Առավոտի» հարցազրույցը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնող Արթուր Վանեցյանի հետ, որը վերջերս հայտարարեց քաղաքականություն մտնելու որոշման մասին:

– Պարոն Վանեցյան, տարին սկսվեց ներբանակային մտահոգիչ սպանություն-ինքնասպանությունների շարքով, որոնց դեռևս իշխանությունները պատշաճ կերպով չեն արձագանքել։

Հասարակությունը շատ լարված է, պահանջում է գտնել և պատժել մեղավորներին, քայլեր ձեռնարկել բանակի առողջացման ուղղությամբ։ Որպես ուժային փակ համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մարդ, որը նաև մեր նոր սերնդի գեներալներից է, կարո՞ղ եք Ձեր տեսանկյունը ներկայացնել՝ այսօրվա իրավիճակի պատճառների ու լուծման հնարավոր տարբերակների մասին։

– Նախ՝ թույլ տվեք մի խնդրանքով դիմել բոլորին, ովքեր այսօր հրապարակային խոսքի հնարավորություն ունեն։

Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ։ Որքան էլ մեծ լինի զգացմունքայնությունը, որքան էլ ծանր լինի վիշտը, ես բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ՝ հրապարակային խոսքում տուրք չտալ զգացմունքներին։

Առավել ևս՝ կոչ եմ անում՝ որևէ նեղ անձնական կամ քաղաքական շահի համար չօգտագործել այս թեման։ Ցավոք, նման միտումներ նկատվում են։

Դա ոչ միայն բարոյական չէ, այլև՝ ուղղակիորեն առնչվում է մեր պետության անվտանգությանը։

Պատճառների մասին. հասկանալի է, որ հրապարակային խոսքի ձևաչափն ինձ թույլ չի տալիս բաց խոսել որոշ հանգամանքների մասին։ Վստահ եմ, որ բանակի ղեկավարությունը տիրապետում է խնդրին և կանի ամեն ինչ։

Միաժամանակ կցանկանայի նշել այն գլխավոր հանգամանքը, որը պայմանավորում է ներբանակային զարգացումները։

Դա երկրում ստեղծված մթնոլորտն է։ Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։

Կիսվել էջում