Մամուլ

Աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծն արժանացավ հավանության

Աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծն արժանացավ հավանության

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացրեցին համահեղինակներ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Այն քաղաքացիները, որոնք ուսմանը զուգահեռ կաշխատեն, նրանց եկամտային հարկը կվերադարձվի ուսման վարձի համար: Սկզբում նախագիծը վերաբերում էր նաև բակալավրիատի ուսանողներին, սակայն, քանի որ առայժմ չի ընդունվել Կրթության մասին օրենքը, այս փուլում նախատեսում ենք այդ կարգավորումը կիրառել մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Նա շեշտեց՝ Կառավարության ծրագրով, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի ծրագրով  խրախուսում են աղքատության հաղթահարումը հատկապես կրթության և աշխատանքի միջոցով: Եվ հենց այս երկու գաղափարներն էլ ներառվում են նախագծում:

Բյուջեի վրա ռիսկերը կանխատեսելի լինելու համար նախագծով նախատեսվում է, որ առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում:

«Այսօր Հայաստանում կան մի շարք ոլորտներ, որտեղ մասնագետների պահանջարկը շատ մեծ է, սակայն չկան։ Այդպիսի ոլորտներն են ՏՏ-ն, գյուղատնտեսությունը, ճարտարապետությունը և այլն»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց՝ փաստորեն սկզբնական փուլում նախագծով առաջարկվողը կտարածվի միայն որոշակի մասնագիտությունների գծով:

Համահեղինակ Լիլիթ Մակունցն անդրադարձավ նախագծի փիլիսոփայությանը՝ շեշտելով, թե չափազանց կարևոր է, որ խրախուսում են աշխատանքը: «Երբեմն նաև մագիստրատուրայում ուսանողների վարձավճարը հոգում են ծնողները, ընտանիքները, և մենք գտնում ենք, որ այդ տարիքում ուսանողներն այն կարգավիճակում են, որ կարող են և աշխատել և հոգալ իրենց ուսման վարձը: Նաև հոգեբանություն, մոտեցում է ձևավորվում, որը կարող է վարակիչ լինել այլ ոլորտների համար»,-ասաց նա ու նկատեց՝ դա հնարավորություն կտա նաև բակալավրիատում իներցիոն ձևով մասնագիտություն ընտրած անձանց աշխատելուն զուգահեռ փոխել մասնագիտությունն արդեն մագիստրատուրայում:

Նախագիծը հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

Կիսվել նյութով