Մամուլ

Ովքե՞ր ունեն մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք

Ովքե՞ր ունեն մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարց ու պատասխան մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և երեխայի ծննդյան միանվագ նպաստների բարձրացման վերաբերյալ:

1. Ովքե՞ր ունեն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք։

– Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են երկրում:

2․ Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը որքա՞ն է սահմանված մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։

– Մինչև 2020-ի հուլիսի 1-ը երեխայի խնամքի նպաստի ամենամսյա չափը սահմանված է 18,000 դրամ, սակայն հուլիսի 1-ից նպաստի չափը կավելանա՝ 18,000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։

3․ Գյուղական բնակավայրերում ապրող և չաշխատող անձինք կարո՞ղ են ստանալ երեխայի խնամքի նպաստ։

– Ներկայումս շրջանառվում է համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը խնամքի նպաստ նշանակել նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ նույն գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողին, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:

Հարկ է նաև նկատի ունենալ, որ նշված կարգավորումները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո։
Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին, որը չի հանդիսանում վարձու աշխատող, 2020 թ. հուլիսի 1-ից նշանակվող խնամքի նպաստի չափը կկազմի 26,500 դրամ:

4․ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կկրկնապատկվի՞, եթե մայրն ապրում է գյուղական համայնքում և աշխատում է։

– Այո, այն կկազմի 53.000 դրամ: Գյուղական բնակավայրում բնակվող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ծնողին, եթե նա գտնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կնշանակվի խնամքի նպաստ`
– որպես վարձու աշխատող` 26500 դրամ,
– որպես գյուղական բնակավայրում բնակվող` 26500 դրամ:

6․ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացումը կվերաբերվի՞ մինչ այդ շահառու հանդիսացող քաղաքացիներին։

– Այո՛, 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ խնամքի նպաստ ստացող բոլոր շահառուների խնամքի նպաստի չափը կավելանա։

7․ Երկվորյակ կամ եռյակ ունենալու դեպքում որքա՞ն կկազմի երեխայի խնամքի նպաստի չափը։

– Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի՝ մինչև երկու տարեկան երեխա, ապա 26,500 դրամ (մինչև 2020 թ. հուլիսի 1-ը` 18,000 դրամ) խնամքի նպաստ նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

8. Եթե մինչև երկու տարեկան երեխայի ծնողը բնակվում է քաղաքային համայնքում, աշխատում է և ստանում է 18.000 դրամ խնամքի նպաստ, արդյոք կկրկնապատկվի՞ խնամքի նպաստի չափն այն դեպքում, եթե ծնողը մինչև 2020-ի հուլիսի 1-ը գրանցվի գյուղական բնակավայրի որևէ հասցեում և տեղափոխվի այնտեղ բնակության:

– Այո, եթե մինչև 2020-ի հուլիսի 1-ի դրությամբ գյուղական համայնքում գրանցման և փաստացի բնակության ժամանակահատվածը լինի ավելի, քան 1 տարին: Մյուս բոլոր դեպքերում խնամքի նպաստի չափի բարձրացում նախատեսված չէ՝ գրանցման հասցեի փոփոխությամբ պայմանավորված:

9. Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ քաղաքային բնակավայրերում ապրող և չաշխատող մայրերը երեխայի ծննդյան դեպքում։

– ՀՀ-ում հաշվառված (այդ թվում` քաղաքային բնակավայրերում ապրող) և չաշխատող մայրերին տրամադրվում է միանվագ մայրության նպաստ: Նպաստ նշանակելու համար պետք է դիմել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում (համաձայն ժամանակավոր անաշխատունակության նպաստի):

Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը (հղիության 210-րդ օրը) մինչև 2020 թ. հունվարի 1-ն է, ապա մայրության նպաստի չափը կկազմի 126,600 դրամ, իսկ եթե 2020 թ. հունվարի 1-ն է կամ դրանից հետո` 156,000 դրամ:

10․ Այս պահի դրությամբ որքա՞ն է կազմում առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, և որքա՞ն կավելանա 2020-ի հուլիսի 1-ից հետո։

– Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված առաջին երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանված է 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ: Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300, 000 դրամ։

Կիսվել նյութով