Անհայտ արարածը ջրի տակ է քաշել 15-ամյա դեռահասին. նրան դեռ որոնում են
Մալայզիայի Սարավակ նահանգում 15-ամյա տղան անհետացել է գետում՝ ձկնորսության ժամանակ։
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ականատեսները ենթադրում են, որ նրա վրա կարող էր կոկորդիլոս հարձակված լինել։ Դեպքի մասին հայտնում է DayakDaily-ն։
Հուլիսի 21-ին 15-ամյա Թաուֆիք Էզանի Աբդուլլան յոթ այլ ձկնորսների հետ մեկնել էր Սունգայ Սեթերապ գետ՝ ձկնորսության։ Խումբը տեղաշարժվում էր չորս նավակով և ցանցերի միջոցով ձուկ որսում։
Կեսօրին մոտ նրանց ցանցերից մեկը խրվել է գետի հատակում։ Այն ազատելու համար տղան որոշել է սուզվել ջրի տակ, սակայն այլևս չի վերադարձել մակերես։
Դեպքից անմիջապես հետո տղայի հորեղբայրն ու զարմիկը, որոնք նույնպես մասնակցում էին ձկնորսությանը, օգնության են դիմել փրկարարներին։
Նրանց խոսքով՝ դեռահասի անհետացման վայրի մոտ ջրից դուրս է ցատկել կոկորդիլոսի նմանվող խոշոր սողուն։ Այդ պատճառով նրանք ենթադրում են, որ կենդանին կարող էր հարձակված լինել տղայի վրա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն մինչ այս պահը 15-ամյա Թաուֆիք Էզանի Աբդուլլային դեռ չեն հայտնաբերել։
Իրավապահներն ու փրկարար ծառայությունները առայժմ չեն հաստատել նրա անհետացման ճշգրիտ պատճառը, իսկ դեպքի բոլոր հանգամանքները շարունակում են քննվել։


