Մամուլ

Այսուհետ ծննդյան վկայականներում երեխայի սեռը պարտադիր կնշվի․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Այսուհետ ծննդյան վկայականներում երեխայի սեռը պարտադիր կնշվի․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել նաև երեխայի սեռը:

Հունվարի 20-ի ԱԺ նիստում նախագիծը ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

 «Առաջարկում ենք մեր ծննդյան վկայականներում ավելացնել սեռ բառը, որպեսզի այսուհետ ծննդյան վկայականներում պարտադիր ամրագրվի երեխայի սեռը:

ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում գործող օրենքով պարտադիր չէ սեռի նշումը, որի հետեւանքով մեր քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ հատկապես օտարերկրյա պետություններում:

Բացի դրանից, կարող են լինել նաեւ այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը»,- նշել էր Եղիազարյանը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 119 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:

Կիսվել նյութով