Մամուլ

«Ամոթալի պատկեր էր, խայտառակ պատկեր». Գեղամ Նազարյան

«Ամոթալի պատկեր էր, խայտառակ պատկեր». Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կիրակնօրյա մտորումներ

Ընտրարշավ է, գալիս, խոստանում, պատմում գնում են… Մեր տան հարակից զբոսայգում էլ մի երկու օր առաջ Ավինյանն էր խոստումներ տալիս, բայց այս պատմության մեջ դա չէ կարեւորը, այլ այն, որ կրկին բերել էին դպրոցների, մանկապարտեզների, համատիրությունների կոլեկտիվներին։ Ամոթալի պատկեր էր։ Խայտառակ պատկեր։

Այս զբոսայգում Աբգարս ու պատերազմում նահատակված այլ տղաներ խաղացել են, վազվզել, մեծացել։ Նահատակ դարձած իմ ընկեր Արթուրը զավակների հետ զբոսնել, երազանքներ է գծել, որ դուք այս ամենից հետո կեղտոտ խաղեր խաղա՞ք։ Լավ, մեր ժողովուրդը նույնիսկ այս աղետից հետո ոչինչ չսովորեց։ Ոչի՞նչ։

Բա որ կոլեկտիվներին պարտադրում եք գնալ հանդիպման մասնակցել, պատերազմը, այնտեղ զոհված տղերքը ձեր աչքին չեն գալի՞ս։ Կոլեկտիվներ, դուք խիզախություն չունե՞ք, ասել ոչ, չենք գալիս։ Մեր տղերքը նաեւ ձեզ պաշտպանելիս զոհվեցին, մի՞թե զոհվեցին, որ …

Էլ ինչո՞ւ էր այս իրարանցումը, աղմուկ, աղաղակը։ Ցանկություն ունեիք, որ ձեր նախընտրական հանդիպումներին ստիպողաբար կոլեկտիվներ բերեն, խնդրեիք կընդունեին իրենց շարքերը։ Բա դուք ՀՀԿ ին մեղադրում էիք, որ զոռով մարդ են բերում հանդիպման, բա հիմա դուք ինչու եք նույնը անում։

Չեք զզվո՞ւմ այս ամենից, սրտխառնո՞ց չեք ունենում այս ամենից։

Ու հիշեցի, որ ուղիղ մեկ տարի առաջ, անցած տարվա ամռանը պատահաբար Պուշկին_Աբովյան խաչմերուկում, կեսգիշերին մոտ ականատես եղա հետեւյալ պատկերին.

հարբած Ավինյան, նրա շուրջը խմբված մի քանի մանրավաճառ կանայք, որոնք ասում էին` մեզ լավ կնայես չէ քաղաքապետ ջան։ Ավինյանն էլ գրպանից հանեց հինգ հազարանոցներ ու բաժանեց, խոստանալով, որ լավ է նայելու։ Հետո նրան թեւանցուկ տարան։

Ինչ սպասես, երբ քաղաքապետի ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ մանրավաճառ կանայք արդեն գիտեին…

Էլ ինչ պիտի լինի, որ դասեր քաղենք, սովորենք, հետեւություն անենք։

Բոլորը խոտորվեցին, միասին անպիտան դարձան…

Հ.Գ Ադրբեջանում այս առումով ավելի խայտառակ վիճակ է, բայց նրանք նավթ ունեն, իսկ մենք ի՞նչ ունենք…»։

Կիսվել էջում