Մամուլ

Ամբողջ ընտանիքներով մարդիկ են զոհվել՝ միմյանց գրկելով

«Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչական ակտին, ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Ամբողջ ընտանիքներով մարդիկ են զոհվել՝ միմյանց գրկելով։ Սա սարսափելի ողբերգություն է, արդեն հաղորդվում է, որ 150-ը գերազանցել է մահացածների թիվը։ Այս ահաբեկչությունը կմտնի իհարկե և Ռուսաստանի պատմության մեջ և համաշխարհային պատմության մեջ՝ բավականին խոշոր և շատ բարբարոս արարք է։

Իմ կարծիքով շատ կարևոր է և շատ ճիշտ են անում մեր հայրենակիցները, որ գնում են դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Ես այնտեղ էի իմ գործընկերների հետ, միության կողմից մեր հարգանքը մատուցեցինք, այնտեղ էին նաև իմ ուսանողները սլավոնական համալսարանից»,-ասաց քաղաքագետը։

Խաչիկյանը կարծում է, որ շատ կարևոր է հայտնել մեր համերաշխությունը ռուս ընկերների հետ և մեր ցավակցությունները զոհվածների ընտանիքներին, նրանց մտերիմներին։

Դա առավել ևս կարևոր է այս պարագայում, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունն ինքն իրեն ներկայացնի, քանի որ ոչ լավ ժամանակներ են ապրում հայ-ռուսական պետական հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով ոչ պաշտոնական ձևով ավելի ճիշտ կլինի արձագանքել այս բարբարոսական դեպքին։

Քաղաքագետը նկատում է, որ ռուսական կողմն անշուշտ տեսնում և գնահատում է այն, թե ինչպես են հայերը արձագանքում ու ինչպես են իրենց ցավակցությունը հայտնում Հայաստանում, Երևանում։ Արդեն ռուսական մեդիաներում այդ մասին խոսում են։

«Շատ ճիշտ են անում մեր հայրենակիցները, մարդկայնություն են ցուցաբերում։ Մարդ լինելը, մարդկային լինելը շատ կարևոր է և մեր համերաշխությունը հայտնել՝ դա գնահատվում է»,-ասաց վերջինս։

Կիսվել էջում