Մամուլ

Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջը մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում

Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջը մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում

47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել հովանոցը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետելու համար։ Այս մասին գրում է Hetq.am-ը։

Գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հասել օգոստոսի 17-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համաձայն, «Նարինե Ասատրյանը 2023 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, գտնվել է Մալիշկա բնակավայրի 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների հատման խաչմերուկում։

Տեղեկանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներին ծանոթանալու համար նշված բնակավայր կարճ ժամանակ անց սպասվող այցի մասին՝ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանի ներկայությամբ բարձրաձայնել է վարչապետին հանդիպելու և նախատեսված այցի հետ չառնչվող հարցեր տալու ցանկության մասին։

Ոստիկանության ծառայողը հորդորել է տվյալ պահին վարչապետի օրինական ծառայողական գործունեության հետ չկապված հարցերով չդիմել, ապա միասին քայլել են դեպի նույն բնակավայրի 14-րդ փողոցի 1-ին տան բակ։

14:40-ի սահմաններում Նարինե Ասատրյանը, իմանալով ՀՀ վարչապետի՝ նշված բնակավայրի 14-րդ փողոցի սկզբնամասում գտնվելու և հավաքված անձանց հետ զրուցելու մասին, բռնություն գործադրելուն ուղղված դիտավորյալ գործողություն է իրականացրել՝ կատարված աշխատանքներին ծանոթանալը, ինչպես նաև բնակիչների հետ հանդիպումը խափանելու նպատակով։

Մասնավորապես՝ ձեռքին եղած փակ հովանոցը դիտավորությամբ նետել է շուրջ 13,5 մետր հեռավորության վրա գտնվող ՀՀ վարչապետի ուղղությամբ, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը, Ն. Ասատրյանի կամքից անկախ հանգամանքներով, չի իրագործվել, և դիտավորյալ նետված հովանոցը (մեղադրական եզրակացության մեջ՝ անձրևանոցը) չի դիպել ՀՀ վարչապետին, ու նրան ֆիզիկական վնաս չի պատճառվել»։

Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու հանցափորձը), որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Միքայել Գրիգորյանին։

Կիսվեք էջում