Որ ուժերն են պատրաստ համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ. «Ժողովուրդ»

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը: Անդրադառնալով իր՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը եւ հարցին, թե կուսակցությունով է ուզում վերադառնալ, թե կոալիցիայով՝ Քոչարյանը նշել է. «Հարցը դեռ բաց է, բայց ես հասկանում եմ, որ կարող եմ դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այժմ առկա խնդիրները»:

Նկատենք, որ Քոչարյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին հայտնել է միայն ՀՀԿ-ն. երեկ լրագրողների հետ ճեպազրույցում, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ԱԺ փոխնախագահ Շարմազանովն ասել է. «Պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կօժանդակեն ՀՀԿ-ին, այդ թվում Քոչարյանի հետ»։ Քոչարյանի իշխանության տարիներին կոալիցիոն կառավարության մաս կազմած ՀՅԴ ներկայացուցիչները, ի տարբերություն ՀՀԿ-ականների, այնքան էլ միանշանակ պնդումներ չեն արել: «Մենք համագործակցում ենք ցանկացած անձի հետ, ով կիսում է մեր մոտեցումներն ու նպատակներն, ով ուզում է լինի»,- երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե Քոչարյանն արդեն վերադարձե՞լ է քաղաքականություն, թե՞ նոր պետք է վերադառնա, Ռուստամյանը նշել է. «Ցանկացած նախկին պաշտոնյա, մանավանդ նախագահ, իրավունք չունի քաղաքականությունից հեռանալու ընդհանրապես: Ճիշտ չէր, որ ինքը 10 տարի լռեց, պետք է խոսեն մարդիկ, իրենք են փորձագետները»:

Մյուս կողմից, սակայն, Ռուստամյանը հարցին, թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն անվերապահորեն սատարում Քոչարյանին, ասել է. «Մենք Ռոբերտ Քոչարյանին չենք աջակցել եւ չենք էլ պատրաստվում աջակցել: Ընդհանրապես, կուռքեր չպետք է ստեղծի մեր ժողովուրդը: Դժբախտաբար, ես 88 թվականից այդ վիճակը տեսել եմ, նորից նույն սխալը չկրկնենք: Կուռքեր չկան, անվերապահ որեւէ մեկին պաշտպանել ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս: Մեր՝ անվերապահ պաշտպանությունն արժեհամակարգին է վերաբերում, միայն դրան»: Քոչարյանի իշխանավարման ժամանակ կոալիցիոն կառավարության մաս է եղել նաեւ ՕԵԿ-ը:

Բայց այսօր ՕԵԿ-ականները պնդում են՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության խնդիր օրակարգում չկա: «Մենք աջակցել ենք հեղափոխությանը, պաշտպանել ենք այդ գաղափարները, պաշտպանել ենք իրական ժողովրդավարության կառուցման հնարավորությունը ՀՀ-ում եւ ներկայումս էլ աջակցում ենք, այդ թվում հակակոռուպցիոն պայքարին: Այդ առումով մենք համագործակցություն տեսնում ենք՝ հեղափոխության շրջանակներում: Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցություն մենք չենք տեսնում: Մենք իր ժամանակաշրջանում դուրս ենք եկել կոալիցիայից եւ դրանից հետո՝ 2007-ին, եղել ենք ընդդիմություն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Առավել մանրամասը՝ օրաթերթի համարում

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...