Մեքենաների ներսը կնկարահանվի․ նոր օրենք
Ավելին՝ քաղաքական իշխանությունները մտադիր են առաջիկայում համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել և տեսանկարահանող սարքերի միջոցով տուգանել այն վարորդներին, ովքեր մեքենայի ղեկին կծխեն, կխոսեն հեռախոսով և այլ խախտումներ կանեն։
Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Վահան Հովհաննիսյանը նշեց, որ այս փոփոխությունների նախագիծը դեռևս առկա չէ, դրան չեն ծանոթացել, սակայն այդ մտադրության մասին հայտարարել է Ներքին գործերի ներկայիս նախարար Արփինե Սարգսյանը՝ դեռևս այն ժամանակ, երբ զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։
Նա հիշեցրեց՝ Սարգսյանը հայտարարել է, որ նախապատրաստվում են օրենսդրական փոփոխությունների այդ փաթեթը ներկայացնել Ազգային ժողով, որով նախատեսվում է նկարահանել նաև մեքենայի սրահը։
«Ավելին՝ ասաց՝ որպեսզի այդ օրենքը վարորդների համար շոկային չլինի, այդ փոփոխությունները պետք է հետզհետե իրականացվեն։
Հետևաբար՝ դեռևս բովանդակությանը ծանոթ չեմ, բայց ինչ վերաբերում է բուն նպատակին, ապա այն, ըստ տիկին Սարգսյանի, այն է, որպեսզի կանխվեն ու բացահայտվեն բոլոր այն վարչական իրավախախտումները, որոնք կատարվել են ավտոմեքենայի սրահում՝ ամրագոտի, ծխել, հեռախոսով խոսել և այլն»,- ասաց նա։