Մամուլ

Մահացած զինվորը մեկ ամիս առաջ էր զորակոչվել. նա սրտի խնդիրներ ուներ․ նոր մանրամասներ

Bavnews.am-ի տեղեկություններով՝ Ճամբարակի վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը ապրում էր Ձորաղբյուրում։ Նա գտնվում էր ուսումնական կենտրոնում (ՈւՉՊԿ)։

Սուրենն անցած տարի էր ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, տարկետում էր ստացել մի տարով՝ սրտի խնդիրների պատճառով։

Մեր տեղեկություններով՝ դեպքի հետևանքով մահացած զինծառայողը մեկ ամիս էլ չէր անցել, որ բանակ էր զորակոչվել։

Նշենք, որ մահացած զինծառայողը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանն է՝ 19 տարեկան է։ Նա Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի Ձորաղբյուր գյուղից էր։

Վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Նշենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո:

Կիսվեք ձեր էջում