Օգտակար

Հայաստանում հղի տիկնիկներ են վաճառվում․ Ի՞նչ կարելի է խաղալ նման տիկնիկով և ի՞նչ կտա այդ խաղը

Հայաստանում հղի տիկնիկներ են վաճառվում․ Ի՞նչ կարելի է խաղալ նման տիկնիկով և ի՞նչ կտա այդ խաղը։

«Հայկական ժամանակի» աշխատակիցներից մեկի դուստրը տիկնիկ է նվեր ստացել: Տուփը բացելուց հետո են պարզել, որ տիկնիկը հղի է: Հնարավոր է հեռացնել ռետինե փորիկն ու այնտեղից դուրս բերել նորածին տիկնիկ:

Հայաստանում հղի տիկնիկներ են վաճառվում։ Օգտակա՞ր է հղի տիկնիկներով խաղալը, թե՞ վնասակար: Ի՞նչ կարելի է խաղալ նման տիկնիկով և ի՞նչ կտա այդ խաղը: Ի՞նչ է տալիս ընդհանրապես տիկնիկների հետ խաղը:

Այս հարցերի շուրջ զրուցեցինք Ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ, «Բանալի» ընտանիքի կենտրոնի տնօրեն, մանկական հոգեբան Նարինե Իսրայելյանի հետ:

«Տիկնիկը խաղի մեջ աղջիկ երեխային օգնելու նպատակ ունի, որպեսզի նա խնամելու հմտություններ ձեռք բերի և հետո, լինելով ապագա մայրիկ, կարողանա շփում ունենալ երեխայի հետ: Եվ պարզ է՝ պետք է լինի այնպիսի տիկնիկ, որը կնմանվի փոքր երեխայի, կունենա խաղի մեջ այն բոլոր պարագաները, որոնցով պիտի տիկնիկին, օրինակ, բարուրեն, խնամեն, լողացնեն, սանրեն, հարդարեն: Ի՞նչ հմտություն կարող է տալ հղի տիկնիկի հետ խաղը: Գուցե՝ միայն բժշկի մասնագիտությունն ընտրելու կողմնորոշում, դա էլ միայն մասնագիտական կողմնորոշման տարիքում»,- ասաց հոգեբանը:

Իսկ, ընդհանրապես, ի՞նչ հմտություն կարող է տալ հասուն կին մարմնավորող տիկնիկի հետ խաղը: Այսօր շուկայում գերակշռող են 20-25 տարեկան կնոջ մարմնաձևերով տիկնիկները:

Ի՞նչ կարող են խաղալ երեխաները դրանց հետ: Հարցին ի պատասխան Իսրայելյանը նշեց, որ սեռապես խիստ արտահայտված արտաքինով տիկնիկի հետ խաղը երեխային օգտակար ոչինչ չի տալիս.

«Կարող է դեռահասությանը մոտ տարիքում, երբ աղջիկ երեխայի մոտ կձևավորվի ցանկություն՝ շոր կարելու, մազ հարդարելու և ապագայում այդպիսի մասնագիտություն ընտրելու, գուցեև տիկնիկները կարող են ծառայել որպես մուլյաժ, բայց փոքրիկների համար՝ ոչ:

Այն կարող է նաև լինել վնասակար: Տիկնիկը նման է իր մայրիկին, տատիկին, բայց երեխան դրա հետ խաղում է, խնամում է և օգտագործում է՝ ինչպես ուզի: Այս դեպքում մեծի-փոքրի դերերը փոխվում են: Երեխայի ձեռքում մեծ մարդ է, որի հետ, ինչպես ուզի, կխաղա: Հոգեբանական տեսանկյունից, իհարկե, ճիշտ չէ: Հարաբերությունների աղճատում է»:

Իսրայելյանը նշեց, որ տիկնիկի հետ երեխան սկսում է խաղալ 2.5-3 տարեկանից, և խաղերի միջոցով է ճանաչում իրեն՝ որպես կարող ուժի: Խաղերի միջոցով է նա ձևավորում իր շփումն աշխարհի հետ: «Հղի տիկնիկի հետ շփումը որպես գիտելիք ընդհանրապես իրեն պետք չէ: Այդ գիտելիքը, որ տիկնիկի փորում կա մարդ, եւ էսպես հատում ու հանում են, նա միայն վախով կկրի»,- ասաց նա:

Հայաստանում հղի տիկնիկներ են վաճառվում։ Հղի տիկնիկ արտադրող ընկերությունները նշում են, որ դրանց միջոցով ծնողներն ավելի հեշտ են բացատրում իրենց երեխաներին, որ շուտով փոքրիկ քույրիկ-ապերիկ են ունենալու, սակայն հոգեբանի դիտարկմամբ, այն բացատրությունը, որ նա փորիկից է ծնվում, արդեն իսկ երեխաների մոտ ինչ-որ վախ է ծնում:

«Ես չեմ կարծում, որ նման տիկնիկը կօգնի, որ երեխաները չվախենան, որովհետև նրանք պատկերացնելու են, որ նույնը իրենց մայրիկի հետ կկատարվի: Սա ավելորդ վախային ուշադրություն է մեծական կյանքին:

Իսկ քանի որ ավելի մեծ տարիքում, երբ երեխայի մոտ պետք է սեռակառուցման գործընթացը լինի, նա պիտի պատկերացնի իրեն, որպես մայրիկի, հազիվ թե ուզի այդ ամենը պատկերացնել տիկնիկով, խաղա տիկնիկի հետ:

Հղի տիկնիկը միայն կարող է կիրառվել մասնագիտական կողմնորոշման տարիքում, երբ ապագա բժիշկ՝ մանկաբարձ-գինեկոլոգ լինելու համար որևէ հաստատությունում, որտեղ մասնագիտացման ուղղվածությամբ խաղեր են կազմակերպվում, այն ներկայացվի որպես մուլյաժ: Միայն այս իրավիճակում կարող են այս խաղերը դրական լինել»:

Փոքրիկ երեխայի համար, նրա խոսքով, շատ վաղ է խաղալ այնպիսի խաղ, որում տիկնիկին պիտի բացի և միջից դուրս բերի նորածին ու հետո էլ, չգիտես ինչու, հետ դնի տեղը: Մասնագետի համոզմամբ, հղի տիկնիկը պետք է հեռացվի երեխայի խաղալիքների արկղից:

«Երկարատեւ խաղի դեպքում նա անպայման պիտի հարց տա՝ այսպիսի բան կա՞, թե չկա, ես ինչու եմ սա խաղում: Պատրա՞ստ է ծնողը պատասխանել այդ հարցերին: Եթե երեխան բարուրում, հարդարում է իր տիկնիկին, և հարցնում ծնողին, թե ինչու է ինքը դա անում, ծնողը  կարող է շատ հանգիստ պատասխանել, որ դա անում է՝ սովորելու համար, որպեսզի երբ երեխա ունենա, կարողանա հագցնել, բարուրել, տանել զբոսանքի, մեքենայի մեջ դնել:

Խաղը բացատրելի է: Իսկ հղի տիկնիկի հետ խաղը դժվար է բացատրել. թե ինչ հմտություն ենք ձևավորելու ու թե ինչու է դա իրեն պետք»,- ասաց մեր զրուցակիցը:

Ամերիկացի մասնագետները նշում են, որ այս խաղալիքներում պահպանված չեն մարդու մարմնի բնական չափաբաժինները: Ոտքերն անասելի բարակ են, եւ առհասարակ, բացի մեծ փորից, ուրիշ ոչինչ չի հիշեցնում հղիության մասին:

Կարո՞ղ է սա ձևավորել թյուր պատկերացում, որ հղիությունը կարող է ընթանալ բացարձակ առանց գիրացման, և կարող է հետագայում ապագա մայրիկը, ենթագիտակցորեն ձգտելով դրան, վնասի իրեն և մանկանը: Դիտարկմանն ի պատասխան՝ Իսրայելյանն ասաց.

«Բոլոր այն առարկաները, որոնք որոշակի տարիքում մեր խաղերին մասնակցում են, անգիտակցականի մեջ տեղավորվում են որպես գիտելիք: Եվ եթե որևէ խաղ բնության հետ ունի հակասություն (եթե խաղը առաջացնում է երեխայի մեջ բնությունը ճանաչելու վախ, մերժում), պարզ է, որ մեծ տարիքում դա ի հայտ կգա:

Եվ բնության հրաշքը՝ մարդ ստեղծելու, մարդու ծննդի, արդեն երկար տարիներ ողջ աշխարհում բերել են վախի, մերժման դաշտ: Ինքն իրենով բնությունն օգնում է երիտասարդ կնոջը, ապագա մայրիկին լինել ավելի ուժեղ, նպատակային, մարդ ստեղծելու համար, սակայն մեր ժամանակաշրջանում արդեն կա հղիության, ծննդաբերության նկատմամբ վախ: Հղի տիկնիկների հետ խաղալուց այս առումով միայն պետք է զերծ մնալ»:

Տիկնիկի միջոցով մենք ձգտում ենք երեխային տալ մեզ համար նախընտրելի մարդու կերպարը, սակայն այսօր խնդիր է նաև բնականին մոտ, գեղեցիկ տիկնիկներ գտնելը: Դիտարկման հետ հոգեբանը համաձայն է.

«Երեխաները բնազդով գեղեցիկը, հաճելին տարբերում են, բայց նաև պիտի կարողանան մեծերի հետ միասին գնահատել և սովորել՝ որն է գեղեցիկ, որը՝ տգեղ, որը մաքուր, որը՝ փնթի: Ընդհանրապես, խաղը և խաղալիքը երեխայի համար առաջին գործունեության պարագաներն են, և շատ կարևոր են, որ մենք կարողանանք երեխային օգնել ունենալ՝ որպես հասուն մարդ՝ գործունեություն:

Եվ այդ գործունեության հաջողված ապացույցը մասնագիտորեն, լիարժեք մեծահասակ լինելն է, որն էլ ձևավորվում է մանկական խաղերով, խաղալիքների միջոցով աշխարհը ճիշտ գնահատելով»:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվեք էջում