Մամուլ

Լոռու մարզպետի պաշտոնանկության պահանջով մարզի բնակիչները ստորագրահավաք են սկսել

Լոռու մարզպետի ՝ Անդրեյ Ղուկասյանին պաշտոնանկ անելու համար, ստորագրահավաք կազմակերպելու կոչով է հանդես եկել Վանաձորի պետական համալսարանի դասախոս, լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը։ Պաշտոնանկ անելու գործընթացը Գյուլզադյանը նախաձեռնել է, քանի որ մարզպետ Ղուկասյանը, ըստ նրա, վիրավորել է լրագրող Նարինե Ավետիսյանին։

Նրա կոչը ներկայացնում ենք ստորեւ․

«Կոչ Լոռու մարզի ազնիվ հայրնակիցներիս                        

Կես ժամ ժամանակ էի տվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, որպեսզի հրապարակորեն ներում հայցեր հայ կնոջը, որ նաև հայտնի լրագրող է (Նարինե Ավետիսյան), վիրավորելու համար: Դրա մասին գործուն հղումով տեղյակ էի պահել նաև ՀՀ վարչապետին:

Ժամանակն անցել է, և ՀՀ հպարտ քաղաքացուս արդարացի պահանջը չի կատարել մարզպետը, գոնե իր բնույթին համապատասխան` կեղծ արդարացմամբ հանդես չի եկել: Նշանակում է` նա ոչ միայն չի ծառայում Լոռու մարզի քաղաքացիներին, այլև հանդգնում է նսեմացնել նրանց:

Արդ` կոչ եմ անում Լոռու մարզի ճակատագրով մտահոգ բոլոր ազնիվ հայրենակիցներիս` ստորագրահավաք կազմակերպել` պաշտոնանկ անելու հորդորով դիմելու ՀՀ վարչապետին: Մի տարի առաջ սկսվել է հեղափոխությունը, բայց արդյունքի չի հասել: Եկեք շարունակե՛նք այն` դրական վախճանակետին հասցնելով մեր մարզի օրինակով, սիրելի՛ լոռեցիներ: Ցածրակարգ կրքերին գերի բիրտ հոգու տեր անձն իրավունք չունի՛ մի ողջ մարզի ղեկավարը լինելու:

Անկցի՛ Անդրեյ Ղուկասյան:

Հ. Գ. Խնդրում եմ համաձայնելու դեպքում «+» նշան դնել այստեղ կամ այն օգտատերերի էջերում, որտեղ փոխանցված կլինի այս շարադրանքը»:

Կիսվեք էջում