Դատավորների աշխատավարձերի բարձրացումը էականորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը. Վազգեն Ռշտունի

Դատավորների աշխատավարձերի բարձրացումը էականորեն կնվազեցնի կոռուպցիոն  ռիսկերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։

«Կոռուպցիան այն խնդիրն է, որի դեմ առաջին հերթին պետք է պայքարի դատական իշխանությունը, քանի որ դատական համակարգի ներկայացուցիչները, լինելով արդարադատության գործընթացների բուրգում, առաջինը պետք է զերծ մնան նման գործելաոճից»։

Ռշտունու խոսքով՝  Հայաստանի պետական մյուս մարմինների աշխատողների աշխատավարձերի համեմատ, դատավորների աշխատավարձը բավականին բարձր է, սակայն ըստ նրա ՝որքան էլ բարձր լինի աշխատավարձը, միևնույն է՝  պետությունից սպասելիքները շատ ավելի շատ են։

Դատարանի նախագահի կարծիքով՝ դատավորների աշխատավարձերի բարձրացումը էականորեն կնվազեցնի կոռուպցիոն  ռիսկերը։

 Հարցին, թե ի՞նչ սոցիալական երաշխիքներ են հարկավոր դատավորների անկախության համար, Ռշտունին պատասխանեց.

«Սոցիալական երաշխիքներից ամենակարևորը կենսաթոշակային տարիքում բավարար չափով կենսաթոշակ ստանալն է։ Վերջին տարիներին կատարված փոփոխությունների արդյունքում պաշտոնաթող դատավորների վիճակը որոշակիորեն վատթարացել է»,–ասաց նա նկատելով, որ  նախկինում ավելի լավ պայմաններ էր նախատեսված կենսաթոշակի գնացող դատավորների համար, քան այսօր։

Անդրադառնալով սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառելու կառավարության որոշմանը՝ ասաց.

«Սոցիալական փաթեթը կարող է լուծել շատ խնդիրներ՝ դատավորների առողջական վիճակի հետ կապված հարցերը լուծելու կամ նրանց հանգիստը կազմակերպելու հետ։ Համարում եմ, որ այդ որոշումը շատ լավ գնահատական էր՝ հասարակությանը ցույց տալու, որ դատավորները մեր հասարակությանը խորթ չեն և որ նրանց աշխատանքը նույնպես կարելի է գնահատել»։

Աղբյուր՝ news.am