ԺամանցՇոու-բիզնես

«Գալու է օր, երբ մեծ աղջկաս՝ Նարեին, ասեմ՝ կներես»․ Սարգիս Գրիգորյանը դստրերի և աղքատության մեջ անցած մանկության մասին

«Գալու է օր, երբ մեծ աղջկաս՝ Նարեին, ասեմ՝ կներես»․ Սարգիս Գրիգորյանը դստրերի և աղքատության մեջ անցած մանկության մասին

Հանրությանը ծանոթ հայտնիները՝ անծանոթ դիտակետից: Tert.am Life-ի զրուցակիցը Սարգիս Գրիգորյանն է։ Դերասանի հետ խոսել ենք ընտանեկան ամենանուրբ հարցերի, մեղավոր սիրո, դստրերի հետ հարաբերությունների, կայուն ընտանիք ունենալու բանաձևի և կյանքում ինչ-որ բան բաց թողնելու ափսոսանքի մասին։

Նա իր հորից ժառանգել է բռնկվող բնավորություն։ Ասում է` դա ունի իր ինչն ունի իր լավ ու վատ կողմերը, մի կողմից բարկությունն ընդամենը հինգ րոպե է տևում, մյուս կողմից`  վայ այն մարդուն, որ այդ հինգ րոպեների ընթացքում հանդիպեց իրեն։)

Աղքատության մեջ անցած մանկությունը Սարգսին կոփել է, տարիների փնտրտուքն օգնել, որպեսզի միայն առաջ քայլի։ Ընտանիքը լցնում է նրա կյանքի բոլոր բացերը։ Մեր զրույցը նրան ստիպեց հետ նայել ու իր ապրած կյանքը բնութագրել մեկ բառով՝ դրամա։

-Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել ու ինչպիսի՞ երեխա եք եղել։

-Շատ դժվար ու բազմաթիվ խնդիրներով լի մանկություն եմ ունեցել։ Հայրս ասում էր՝ այն եզակի սերունդ եք, որին չենք կարող ասել, թե մեզնից լավ եք ապրում։

Տեսանք պատերազմ, սով, ցուրտ, հազար ձև իշխանափոխություններ։ Այդ ամենի համատեքստում դժվար կլիներ լավ մանկություն ունենալ՝ հատկապես, որ իմ ընտանիքն ապահովված չէր, ծնողներս էլ տարիքով շատ մեծ էին՝ առանց այն էլ դժվար իրավիճակում հնարավորություն չունեին վաստակելու։

Սարգիս Գրիգորյան

Թող ինձ ների իմ քաղաքը, բայց Մոնումենտի անտառի կործանման մեջ իմ մատն էլ է խառը՝ ես էլ եմ այնտեղից ծառ կտրել, բերել տուն, որպեսզի վառելիք ունենանք, նավթ էինք ծախում։ Անգամ, դպրոց չէինք հաճախում, որովհետև ոջիլ էինք ընկնում, քաչալացնում էին, ամաչում էինք դպրոց գնալ։ Մեզնից հետո եկած սերունդը դա չի տեսել, Աստված տա, ոչ մի սերունդ այլևս չտեսնի այն, ինչ ես եմ տեսել մանկության ու պատանեկության տարիներին։

Չնայած այդ ամենն իր դրական կողմն էլ է ունեցել՝ ավելի ամրացել ենք, չենք նահանջել ընկնելուց, էլի վեր ենք կացել, շարունակել առաջ գնալ։

-Աշխատել սկսել եք շատ վաղ տարիքից։ Ի՞նչ է Ձեզ տվել կյանքի այդ փորձությունը։

-Սկսեցի աշխատել, որովհետև չաշխատելու իրավունք չունեի։ Արժանապատիվ չէր լինի նստել թախտին, սպասել բախտին։ Փոքր եղբայրս էլ էր աշխատում, չլուծված շատ խնդիրներ կային, տունն ինչ-որ միջոցով պահել էր պետք։ Իհարկե, շատ լավ էր վաղ տարիքից աշպատելը, որովհետև հետագայում ընտրեցի մի մասնագիտություն, որտեղ իմ փորձը պետք եկավ։ Սկսեցի հասկանալ տարբեր մասնագիտության տեր մարդկանց հոգեբանությունը, մտածողությունը։

Սարգիս Գրիգորյան

Հարցազրույցներից մեկում ասել եք, որ այն, ինչի հասել եք, Մանոյի շնորհիվ է։ Ինչի՞ չէիք հասնի, եթե չհանդիպեիք Մանոյին։

-Կլինեի թվացյալ երջանիկ։ Ներկա պահին ինձ համար Մանոն Ալֆան ու Օմեգան է, որովհետև հենց իրեն եմ հանդիպել, կարող է նրան չհանդիպեի, հանդիպեի իրենից լավին։ Ես նրանից առաջ ամուսնացած եղել եմ, գիտեմ` ինչ էր ամուսնական կյանքը Մանոյից առաջ և ինչ է Մանոյից հետո։ Չեմ ասում, առաջին կինս վատն էր, մենք չենք հասկացել իրար, ուրիշ կերպ ենք նայել կյանքին։

Չեմ կարծում, որ Մանոյից հետո ինչ-որ բան կարող է լավ լինել։ Իմ կյանքն ընտանեկան առումով հրաշալի է։ Թող ազգիս 80%-ը կարողանա իմ ընտանիքի մթնոլորտով ընտանիք կազմել։

Մենք վիճում ենք, ես բարկանում եմ՝ սովորական խնդիրներով ընտանիք է, բայց կա մի շատ կարևոր բան՝ մենք մեր տեղերում ենք, իրար չենք խանգարում, հարգում ենք իրար թերություններ և նայում մի ուղղությամբ։

Կարծիքները կարող են տարբեր լինել, բայց ընտրած ճանապարհը պետք է նույնը լինի։ Իմ ընտանիքն իմ մեծագույն ձեռքբերումն է, որից էլ գալիս են իմ մյուս ձեռքբերումները։

Սարգիս Գրիգորյան

-«Ինստագրամի ուղտատերեր, ինձ մի սովորեցրեք հայր լինել». ժամանակին այսպիսի գրառում էիք արել։ Ըստ Ձեզ` ի՞նչն է օգտատերերին հիմք տալիս չարախոսելու կամ կարծելու, որ լավ հայր չեք։

-Ես ունեմ երեք աղջիկ, երեքն էլ տարբեր մարդիկ են, տարբեր մտածողություն ունեն, տարբեր անհատներ են։ Մենք, որպես ծնողներ,  տեսնում ենք իրենց թերություններն ու առավելությունները, փորձում ենք իրենց թողնել ճանապարհի ընտրությունը։ Կրտսեր դուստրս՝ Յանան, ընտրել է իմ ճանապարհը և խենթի պես սիրում է այս մասնագիտությունը, դեռ չի ընտրել հստակ ճյուղ, բայց արվեստի մեջ է։ Նա սիրում է տեսախցիկն ու ուշադրության կենտրոնում լինել, իսկ Էվան ատում է ամեն տեսակ նկարահանումները, ուշադրության կենտրոնում լինելը։

Միակ պատճառը դա է, որ նրա լուսանկարները շատ քիչ են իմ էջում։ Մարդիկ չեն հասկանում դա ու մեղադրանքներ են հնչեցնում, թե Յանային ավելի շատ եմ սիրում, քան Էվային։ Ես չեմ կարող տանջել երեխայիս ու ստիպողաբար լուսանկարել։

-«Նարեին մի քիչ ուրիշ սիրով եմ սիրում». մեզ տված մեկ այլ հարցազրույցում եք ասել։  Ո՞րն է այդ ուրիշ սերը։

-Նարեն շատ հարցերում կարող է մեղադրել ինձ, դա նորմալ է։ Ուզեմ, թե ոչ, ես իրեն չեմ կարող տալ այն ահռելի ժամանակը, իր համար անեմ այն, ինչն անում եմ Էվայի և Յանայի համար։ Պատճառը պարզ է՝ նրանք ապրում են ինձ հետ, Նարեն` իր մայրիկի։ Ժամանակի սղության պատճառով շատ հարցերում թերանում եմ։ Հասկանում եմ, որ գալու է այնպիսի օր, որ Նարեին ասեմ` կներես։ Ուղղակի հիմա ես չունեմ այլընտրանք, փորձում եմ ամեն ինչ անել, բայց այդ ամեն ինչը շատ-շատ քիչ է, ես հարյուրապատիկ եմ պարտավոր անել։ Սա է պատճառը, որ իրեն փակ եմ սիրում, ինքս իմ մեջ, իր հանդեպ սերը չեմ բարձրաձայնում՝ հասկանալով, որ իմ մեղքի բաժինը բավականին մեծ է։ Երբ վերլուծում եմ՝ ես սխալ չեմ, բայց երեխան մեղավոր չէ։ Իր հանդեպ սերը տիեզերական է, ուրիշ է, նուրբ է՝ չեմ կարող նկարագրել։

Սարգիս Գրիգորյան

-Ձեր կրտսեր դուստրերը դեռ երեխայական տարքում են, երբ նրանց հետ բավականին հեշտ է,  Նարեն, արդեն դեռահաս է։ Դաստիարակության հարցում ունենո՞ւմ եք դժվարություններ։

-Նարեի դաստիարակությամբ մայրն է զբաղվում։ Երբ դու ասում ես ու քո ասածին հետևողական չես լինում, պետք չէ ինչ–որ բան ասել։ Նարեն մոր հետ է ապրում, մենք այդքան շատ չենք շփվում, իսկ ուղղակի շփման մեջ ես իրեն ինչ-որ խրատներ տալ չեմ կարող։ Եթե մի բան ասում ես, հետևողականություն է պետք։ Ես չեմ խանգարում, որպեսզի մայրն իրեն դաստիարակի։ Նրա մայրը դրա լիարժեք իրավունքն ունի, որովհետև ինքն է մեծացրել երեխային։ Մեկ, երկու կամ երեք շաբաթը մեկ հանդիպելիս խորհուրդներ տալը, կարծում եմ, սխալ է։ Նարեի մայրը հրաշալի մայր է և, կարծում եմ, գիտի ինչպես է պետք դաստիարակել։ Ես փորձում եմ օգտակար լինել, որքան ժամանակս ների։

-Ի՞նչ ժանրի ֆիլմ կլիներ Ձեր կյանքը։

-Դրամա։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով