Մամուլ

Բնապահպանն ահազանգում է՝ կրծողները կարող են աղբաման գցված դիմակից ու ձեռնոցից տարածել կորոնավարակը

Բնապահպանն ահազանգում է՝ կրծողները կարող են աղբաման գցված դիմակից ու ձեռնոցից տարածել կորոնավարակը

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ Աղբամաններում նետված բժշկական թափոնները՝ մասնավորապես դիմակներն ու ձեռնոցները, ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի, կարող են հետագայում վտանգ ներկայացնել եւ COVID-19-ի տարածման պատճառ դառնալ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ աղբամաններում, որտեղ մարդիկ նետում են այդ իրերը, կան մեծ քանակությամբ առնետներ եւ թռչուններ են լինում, որոնք էլ կարող են դառնալ հիվանդության տարածողներ։

Բնապահպանի խոսքով՝ այս խնդրին պետք է հետեւողականորեն մոտենալ եւ գոնե մինչ այս իրավիճակի ավարտը շարունակ ախտահանել աղբամանները։

Մեկ այլ խնդիր է, երբ մարդիկ այդ պարագաները գետնին են գցում։ Նա կարեւոր համարեց հեռուստատեսությամբ եւ ռադիոյով իրազեկման աշխատանքներ տանելը, որպեսզի քաղաքացիները հասկանան, որ օգտագործված դիմակն ու ձեռնոցը գետնին գցելով՝ կարող են տարածել վարակը։

Ընդգծենք, որ դեռեւս մարտի 29-ին Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում են Երեւանում գտնվող աղբամանները, ինչպես նաեւ կանգառները եւ այլ հանրային վայրեր:

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մինչ օրս աշխարհում նման դեպք չի գրանցվել, չկա նման հետազոտություն, որ թռչուններն ու առնետները տարածեն այս վիրուսը։

Ինչ վերաբերում է օգտագործված պարագաները գետնին գցելուն, օրեր առաջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եւս կոչ էր արել օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում եւ չաղտոտել շրջակա միջավայրը։

«Փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են»,- նշված էր գրառման մեջ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել