Մանկական ուղեղային կաթվածը խարան չէ. փոքրիկ Ֆելիքսն արդեն դպրոց է գնում և ընկերներ ունի
Մանկական ուղեղային կաթվածը խարան չէ. փոքրիկ Ֆելիքսն արդեն դպրոց է գնում և ընկերներ ունի։
Sputnik Արմենիան գում է․ Մինչ Հայաստանում ոմանք քննարկում են ներառական կրթության թերի կողմերը՝ այն որակելով հապճեպ ընդունած որոշում, 6- ամյա Ֆելիքսի համար դա նոր ընկերներ ունենալու լավագույն հնարավորություն է:
Գյումրու թիվ 23 դպրոցի առաջին դասարանում բոլորի կողքին հավասար պայմաններով անվասայլակին նստած Ֆելիքս Ավետիսյանն է սովորում։ Չնայած Ֆելիքսի ծնողների մտավախությանը, դասընկերները նրան շատ են սիրում, վիճում են, թե ով է այդ օրն օգնելու Ֆելիքսին` սայլակով ճաշարան գնալու։
Ֆելիքսին ու նրա ընտանիքին Sputnik Արմենիան անդրադարձել էր 2 տարի առաջ։ Այդ ժամանակ սոցիալական դժվարություններն ու Ֆելիքսի առողջականի հետ կապված խնդիրները գրեթե անիրական էին թողնում Ֆելիքսի՝ բոլորի նման քայլելու երազանքը: Տղան այսօր էլ չի քայլում, բայց նրա կյանքում շատ բան է փոխվել։
2 տարի անց քաղաքային միջոցառումներից մեկի ժամանակ պատահական հանդիպեցի Ֆելիքսի ծնողներին:
-Գիտե՞ս, Ֆելիքսս արդեն դպրոց է գնում ու շատ ընկերներ ունի,-ուրախ-ուրախ ասաց տղայի հայրը՝ Արտյոմը:
-Իսկ դժվարությունները շատ չե՞ն:
-Դրանց մասին չեմ ուզում խոսել, կարևորը՝ փոփոխությունն ակնհայտ է:
Համընդհանուր ներառումը Ֆելիքսին ավելի երջանիկ, իսկ վերականգնողական բուժումները՝ ավելի ակտիվ են դարձրել:
Նա մեկ տարի է ինչ այցելում է «Արմենակ և Աննա Թադևոսյանների» բժշկական կենտրոն՝ պետությունը տարեկան երկու անգամ անվճար ուղղորդում է վերականգնողական կենտրոն: «Եթե ֆինանսները ներեն ու նաև լրացուցիչ վճարովի կուրս անցնենք, շատ ավելի լավ կլինի: Ընդամենը մեկ վերականգնողական կուրսից հետո 5 տարեկանում Ֆելիքսս առաջին անգամ իր ծննդյան տորթի մոմերը փչեց»,-պատմում է մայրը՝ Աննան:
Նշենք, որ Ֆելիքսի մոտ Մանկական ուղեղային կաթվածը ծանր դիսկինետիկ ախտորոշումն է՝ խոսքի ու մտավոր զարգացման հապաղում, երեխան ինքնուրույն չի կարողանում կանգնել, քայլել կամ նստել:
Որդու շարժողական առաջին փոփոխությունն ուրախացնում է ծնողներին, բայց ավելի ուրախալի է վարքագծի փոփոխությունը, որը դպրոցի շնորհիվ է: «Ես սկզբում շատ էի վախենում, անհանգստանում էի, բայց արդյունքն ակնհայտ է։ Նստում է բոլոր դասերին, փորձում է խոսել ու հաշվել, իսկ իմ համար ամենաուրախալին դասընկերների հետ շփումն է»,- պատմում է մայրը՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել Գյումրու թիվ 23 դպրոցի ղեկավարությանը, դասղեկին ու հատկապես դասընկերներին, որոնց շնորհիվ Ֆելիքսն հաճույքով է դպրոց հաճախում:
Մինչ խոսում էինք, Ֆելիքսը դժվարությամբ փորձեց բացել օրագիրն ու ցույց տալ իր ստացած աստղիկները և դրան զուգահեռ հաշվել:
Ֆելիքսի Ավետիսյանի դասղեկին` Նատալյա Սաքուլյանին, դժվարությունները հաղթահարել օգնում է երեխաների հանդեպ մեծ սերը, իսկ Ֆելիքսն իր համար բոլոր երեխաների պես է, միայն մի փոքր ավելի շատ աշխատանք և ուշադրություն է պահանջում: «Դասընկերները շատ են սիրում Ֆելիքսին ու տխրում են, երբ նա բացակայում է: Ֆելիքսն էլ իր կողմից շատ է սիրում ու շատ է կապվել երեխաներին»,-պատմում է տիկին Սաքուլյանը:
Ֆելիքսի դպրոց հաճախելը ոչ միայն Ֆելիքսի, այլ նաև դասընկերների վրա է դրական ազդել: Դասընկերուհու՝ Գոհարի մայրիկը վստահեցնում է`Ֆելիքսը երեխաներին ավելի բարի է դարձրել:
«Առաջին օրերին Գոհարիկի մոտ խղճահարություն կար, տանը լաց էր լինում՝ խոսելով Ֆելիքսի մասին, բայց այդ զգացողությունն օրեցօր փոխվեց: Երեխաները հիմա տարբերություն չեն դնում, ոչ մի խնդիր չունեն Ֆելիքսին հասկանալու հարցում, իսկ երբ Ֆելիքսը բացակայում է, ստիպում են մեզ զանգել ու պարզել ծնողներից՝ ինչո՞ւ դասի չի եկել»,-պատմում է Մարգարիտ Մանուկյանը:
Չնայած դժվարություններին Ֆելիքսի ծնողները միշտ փորձում են երեխային մասնակից դարձնել քաղաքային միջոցառումներին, նրան կինո, համերգ կամ թատրոն տանել: Ասում են՝ «ինչքան սեր տաս, այնքան էլ կստանանս: Պետք է միշտ կրկնել ՝ դու կարող ես»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։