Մեկ տարեկան աղջիկ երեխային կապկպած ու աղբարկղ նետած գյումրեցի մայրը կալանավորվեց
Մեկ տարեկան աղջիկ երեխային կապկպած ու աղբարկղ նետած գյումրեցի մայրը կալանավորվեց։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին` ժամը 22:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 թվականին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018 թվականի սեպտեմբերին ծնված մեկ տարեկան աղջիկ երեխայի ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, այնուհետեւ երեխային բնակարանից տեղափոխել եւ դրել է փողոցում տեղակայված արբարկղերից մեկի մեջ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետեւանքով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը ՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: